Կաննի սկանդալային ռեժիսորի ֆիլմը «Ոսկե ծիրանում» (տեսանյութ)

13:51 • 02.07.11

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը այս տարի կներկայացնի հայտնի ռեժիսոր Լարս Ֆոն Տրիերի «Մելանխոլիա» ֆիլմը:
Ֆոն Տրիերի այս ֆիլմը համարում են ֆիլմ-աղետ: Դեպքերը զարգանում են աշխարհի կործանման նախօրեին, երբ մարդիկ տարբեր վարքագիծ կարող են դրսևորել: «Մելանխոլիա» ֆիլմում նկարահանվել են այնպիսի դերասանուհիներ, ինչպիսիք են Շարլոտա Գենսբուրը և Կիրստեն Դանստը: Վերջինս գլխավոր հերոսուհուն` Ջաստինին, մարմնավորելու համար արժանացել է Կաննի կինոփառատոնի «Կնոջ լավագույն դերակատար» մրցանակին:

Դանիացի ռեժիսոր Լարս Ֆոն Տրիերի սկանդալային հայտարարությունը Կաննի կինոփառատոնում ռեժիսորին դարձրեց պերսոնա նոն գրատա, սակայն ֆիլմը մնաց մրցույթում և անգամ արժանացավ մրցանակի: Ռեժիսորը, պատասխանելով իր գերմանական արմատներին վերաբերող հարցին, հայտարարել էր, որ հասկանում է Հիտլերին, և ավելացրել, որ հրեաների դեմ ոչինչ չունի, և դատապարտում է Հոլոքոստը։ Այնուհետև, չկարողանալով կառավարել իր իսկ կազմած երկար նախադասությունը, ասել է. «Լավ, այո´, ես նացիստ եմ»։

«Ոսկե ծիրան» երևանյան միջազգային 8-րդ կինոփառատոնը կանցկացվի հուլիսի 10-17-ը։