Հաղարծինն անփութորեն է բարեկարգվում. ահազանգ

13:39 • 04.07.11

«Չենք լռելու» նախաձեռնությունը ահազանգ է հնչեցնում Հաղարծնի վանքի բարեկարգման աշխատանքներն անփութորեն կատարելու առնչությամբ։

Նախաձեռնությունը հաղորդագրություն է տարածել, որում հիշեցնում է, որ 2006 թվականին Հայաստան այցելության ընթացքում Արաբական Միացյալ Էմիրությունների շեյխ Սուլթան բեն Մուհամմադ ալ-Քասիմիին այնքան էր հիացրել Տավուշի մարզում գտնվող Հաղարծինի վանական համալիրը (XIII դար), որ շեյխը որոշել էր 5 մլն ԱՄՆ դոլար հատկացնել դրա բարեկարգման նպատակով:

Հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ շինարարական աշխատանքներն արդեն մոտենում են ավարտին, և այսօր Հաղարծնի համալիրը կարծես նոր շունչ է ստացել: Նախաձեռնությունն արաբ շեյխի ուշադրությունն է հրավիրում պատմական հուշարձանների վերանորոգման համար սահմանված ստանդարտները չպահպանելու փաստին: Այսպես, ըստ մամուլի հրապարակումների, շինարարները անփութորեն քանդել են հին զարդաքանդակները և դրանք օգտագործել ջրահեռացման առվակի համար: Այն հարցին, թե ինչո՞ւ է զարդաքանդակներով քարերը ջարդում, շինարարներից մեկը կոպիտ արձագանքել է. «Մեզ այդպես են ասել»...»,- ասվում է հաղորդագրությունում։

Նախաձեռնությունը կոչ է անում Մայր աթոռին և Մշակույթի նախարարությանը հավուր պատշաճի վերահսկել Հաղարծնի բարեկարգման գործընթացը:

Նույն հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ «Չենք լռելու» նախաձեռնությունն ստեղծվել է «Հայաստանի ապագայով մտահոգ» մի խումբ երիտասարդների կողմից և կոչված է մամուլի և սոցիալական ցանցերի միջոցով լայն հասարակական քննարկման առարկա դարձնել առավել տագնապահարույց հարցերը: