Գանձասարի պարսպի հնադարյա ծագումը խաբկանք է. Լևոն Հայրապետյանը պարզաբանել է

11:30 • 07.07.11

Արդեն 2 օր է, ինչ ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում իրական սկանդալ է հասունացել` Արցախում գտնվող Գանձասարի վանական համալիրը (13-րդ դար) շրջապատող պարսպի սալիկապատման շուրջ: Աղմկահարույց լուսանկարների հայտնվելու առաջին իսկ օրը մամուլում պարզաբանումներով հանդես եկավ ԼՂՀ կառավարությանն առընթեր զբոսաշրջության վարչության հուշարձանների պահպանության և ուսումնասիրման վարչության պետ Սլավա Սարգսյանը: Ըստ նրա՝ հնադարյա պարսպի երեսպատման գաղափարը պատկանել է մոսկվաբնակ հայազգի գործարար, բարերար Լևոն Հայրապետյանին:

Այդ տեղեկատվության հիման վրա «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը երեկ մամուլի միջոցով դիմել է Հայրապետյանին` կոչ անելով հրահանգել «կասեցնել Գանձասարում իրականացվելիք բարբարոսությունը»: «Մենք հակված ենք ենթադրելու, որ Լևոն Հայրապետյանը, ում վստահված անձինք իր միջոցներով իրականացնում են 13-րդ դարի պարսպի «երեսպատումը», պարզապես տեղյակ չէ տեղի ունեցող խայտառակության մասին»,- ասված էր երեկվա հաղորդագրության մեջ:

Երեկոյան երիտասարդական նախաձեռնության անդամներին հաջողվել է կապվել Լևոն Հայրապետյանի հետ, ով տեղեկացրել է, որ Գանձասարը շրջապատող պարիսպը կառուցվել է ոչ թե 13-րդ դարում, այլ 20-րդ դարի 80-ական թվականներին: Հայրապետյանի խոսքերով՝ ներկա պահին պարիսպն իր անորակության պատճառով սկսել է քանդվել, ինչը կանխարգելելու համար նա որոշել է երեսպատել այն տրավերտինե (ավելի վաղ սխալմամբ նշվում էր մարմարե) սալիկներով, որոնք, այն նույն հանքից են, որտեղի քարերով 13-րդ դարում կառուցվել է Գանձասարի վանական համալիրը:

«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը տարակուսանք է հայտնում այն առնչությամբ, որ ԼՂՀ կառավարությանն առընթեր պատմական հուշարձանների պահպանման և ուսումնասիրության բաժնի պետն իր հարցազրույցներում մի քանի անգամ հաստատել է պարսպի` 13-րդ դարի կառույց լինելը։ «Իսկ Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, փոխանակ իրազեկելու, որ այն կառուցվել է ընդամենը 30 տարի առաջ, և լռեցնելու անիմաստ աղմուկը, լրատվամիջոցների հարմանն ի պատասխան ձեռնպահ է մնացել մեկնաբանություններից, ինչն, ըստ Արցախում շրջանառվող լուրերի, պայմանավորված է նրա ու Լևոն Հայրապետյանի միջև գոյություն ունեցող տարաձայնություններով»,- նշում են հաղորդագրության հեղինակները՝ եզրակացնելով. «Փաստորեն, թեմի առաջնորդին ձեռնտու էր եկեղեցու բարերարի վարկաբեկումը»:

«Իսկ, այն, որ Արցախի թեմի առաջնորդին, ինչպեսև Հայ Առաքելական եկեղեցու բազմաթիվ այլ բարձրաստիճան սպասավորներին, քրիստոնեական պատվիրաններից առավել հետաքրքրում են շքեղ բարեմասնություններով տիկնայք և արտասահամանյան էլիտար ավտոմեքենաների վերջին մոդելները` Հայաստանում հայտնի է բոլորին: Որքան էլ պարադոքսալ չի հնչում, բայց կրծքերի խաչը ծառայում է նրանց իբրև անբարո կյանքով ապրելու ինդուլգենցիա… »,- նշվում է «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության հաղորդագրությունում։