Հարություն Խաչատրյանը խոստանում է ֆիլմերն առավել հասանելի դարձնել
Հուլիսի 10-ին կմեկնարկի «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային 8-րդ կինոփառատոնը։ Այս տարի մրցութային 4` խաղարկային, վավերագրական, «Հայկական համայնապատկեր» և «Կորիզ» անվանակարգերում ներառված ֆիլմերը կդատեն միջազգային ժյուրիի 6 անդամները։
Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը, փառատոնը կընթանա գրեթե այնպես, ինչպես ամեն տարի. «Ամբողջ աշխարհից եկած կինոգործիչները շատ հավանեցին մեր արարողության ինքնատիպ բացումը, այնպես որ այս անգամ էլ փառատոնը կսկսվի ծիրանօրհնեքով, կլինի համերգ, և ամեն երեկո Շառլ Ազնավուրի անվան հրապարակում կլինեն համերգներ, ֆիլմի դիտումներին կհաջորդեն քննարկումներ... այն ամենն, ինչ ամեն տարի լինում է»,- նշեց նա։
«ԱՊՀ երկրների կինոն. Անկախության 20 տարի» ծրագրում, ըստ նրա, մասնակցում են ֆիլմեր ԱՊՀ-ի գրեթե բոլոր երկրներից՝ Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղըզստան, Մոլդովա, Ռուսաստան, Տաջիկստան, Ուզբեկստան, Ուկրաինա, և այդ երկրներից եկած կինոգործիչները քննարկելու են ժամանակակից կինոյի խնդիրները։
Ըստ Խաչատրյանի՝ տարեցտարի տարբեր խնդիրներ լուծվում են, և այս տարի ինքը մտադիր է լուծել ֆիլմերը առավել հասանելի դարձնելու խնդիրը։
«Դահլիճները չեն մեծանում, աթոռները չեն շատանում, հանդիսատեսը չի շատանում, բայց այդ խնդիրը կլուծվի։ Ես դա ինձ խոսք եմ տվել և հույս ունեմ, այդ խնդիրը լուծելու եմ»,- ասաց նա։










