Հարրի Փոթերի մասին վերջին ֆիլմի պրեմիերան կայացել է Լոնդոնում

10:08 • 08.07.11

Լոնդոնում երեկ կայացել է պատանի կախարդ Հարրի Փոթերի մասին վերջին ֆիլմի պրեմիերան։ Հերոսապատման վերջին մասը կոչվում է «Հարրի Փոթերն ու մահվան պարգևները. Մաս 2»։ Հեղինակ Ջոան Ռոուլինգի յոթ գրքերի հիման վրա նկարահանված ութ ֆիլմերի հերոսներին հրաժեշտ են տվել հազարավոր երկրպագուներ։

Ինչպես հայտնում է РБК-ն, Հարրի Փոթերի երկրպագուները Լոնդոնի Թրաֆալգարի հրապարակում էին հավաքվել պրեմիերայից դեռ երկու օր առաջ՝ բրիտանական մայրաքաղաքում հիմնելով մի ամբողջ վրանային ճամբար։

Պրեմիերային ներկա էին ֆիլմի գլխավոր հերոսների դերակատարներ Դենիել Ռեդքլիֆը (Հարրի Փոթեր), Էմմա Ուոթսոնը (Հերմիոնա Գրեյնջեր) և Ռուպերտ Գրինտը (Ռոն Ուիզլի), ինչպես նաև «փոթերիանայի» հեղինակ Ջոան Ռոուլինգը։ Նա ակնարկել է, որ դեռ կարող է Փոթերին վերադարձնել խաղ, սակայն ֆիլմի ռեժիսոր Դևիդ Իյեյտեն նախօրեին НТВ հեռուստաալիքին ասել էր, որ «անթերի կլիներ ամեն ինչ ավարտել այս ֆիլմով»։