Հայտնի երգեհոնահարի հոգեհանգստին պաշտոնյաներ չեն մասնակցել. նա ընդդիմադիր էր

12:41 • 08.07.11

Երգեհոնի հայաստանյան դպրոցի հիմնադիր, աշխարհահռչակ երգեհոնահար Վահագն Ստամբոլցյանի հոգեհանգստի արարողությանը մշակույթի նախարարությունից կամ կառավարությունից ներկա չի եղել ոչ մի պաշտոնյա։ Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրույցում նշեց Ստամբոլցյանի աշակերտ, երգեհոնահար Լիլիթ Մարտիրոսյանը։ «Սա ազգային հերթական անտարբերությունն է իր հանճարեղ զավակների հանդեպ։ Սա խայտառակություն է»,- նշեց Մարտիրոսյանը՝ տեղեկացնելով, որ անվանի արվեստագետին հրաժեշտ տալու էին եկել միայն նրա հարազատները, աշակերտները, Կոնսերվատորիայի ռեկտորի պաշտոնակատարը։

Նա պատմեց, որ Վահագն Ստամբոլցյանը հաճախ էր նշում՝ «Իմ ապրած 80 տարուց 74-ը եղել եմ ընդդիմության շարքերում», և այդ պատճառով էլ նա և նրա կատարած հսկայական աշխատանքը պետական պատշաճ ուշադրության չէին արժանանում։
«Նա Հայաստանում հիմնել է երգեհոնային դպրոց, Կոնսերվատորիայում հիմնել է երգեհոնային ամբիոն, առաջինն է եղել, որ համերգով նշել է Ցեղասպանության զոհերի հիշատակը, և դա արել ամեն տարի՝ սկսած 1965թ-ից։ Նա է բացահայտել Լուսինե Զաքարյանին, և նա է առաջինն, ով միջնադարյան հայկական մեղեդիները հնչեցրել է բեմից։ Սովետական խիստ գրաքննության պայմաններում նա կարողացել է հայկական հոգևոր երաժշտությունը հնչեցնել ոչ միայն հայաստանյան, այլև՝ նախկին ԽՍՀՄ երգեհոն ունեցող բոլոր քաղաքներում։ Նրա շնորհիվ հիմա շատ երկրների երգեհոնահարներ իրենց երգացանկում ընդգրկում են հայ միջնադարյան երաժշտություն»,- հիշեցրեց Մարտիրոսյանը։

Համեմատության համար նա նշեց, որ մի քանի օր առաջ մահացած դաշնակահար Ալեքսանդր Գուրգենովին հարգանքի տուրք մատուցելու համար (նրա հոգեհանգիստը ևս Նորագավթի սուրբ Գևորգ եկեղեցում էր կազմակերպված), Կոնսերվատորիան տրամադրել էր ավտոբուս, մինչդեռ Կոնսերվատորիայում դրված Վահագն Ստամբոլցյանի նկարի մոտ նույնիսկ ծաղկեփունջ չկար։ «Կոնսերվատորիայում ոչ թե գրել են երգեհոնային բաժնի վարիչ, այլ դաշնամուրային երրորդ բաժնի պրոֆեսոր»,- հավելեց նա՝ նշելով, որ չկա այլ բացատրություն, քան այս ամենը «Ստամբոլցյանի ընդդիմադիր կեցվածքով» պայմանավորելը։

Այսօր, ժամը 12:00-14։00 Կամերային երաժշտության տանը տեղի կունենա Վահագն Ստամբոլցյանի հանրային հոգեհանգիստը, որի ընթացքում երգեհոնահարի ուսանողների կատարմամբ կհնչի միջնադարյան հոգևոր երաժշտություն և Բախի խորալները։