Սպահանի հայոց վանքից գողացված սրբապատկերների լուրը պաշտոնապես հաստատվեց
Սպահանի հայոց թեմի Թեմական խորհուրդն այսօր հանդես է եկել պաշտոնական հաղորդագրությամբ, որով հայտնում է, որ Մեծ Բրիտանիայում աճուրդի են դրվել Ս. Ամենափրկիչ վանքի թանգարանի ձեռագրերից առանձին մանրանկարչության էջեր։
«Անմիջապես կապվել ենք մեզ վստահած մասնագետ անձանց հետ՝ ավելի մոտկից ստուգելու հարցը և մեզ տեղյակ պահելու, որպեսզի օրինական միջոցներով խնդիրը պարզենք։
Առ այդ՝ հարցը խորհրդապահական ձևով հետապնդում էինք՝ հանցագործին ի հայտ բերելու՝ գործընթացը չվնասելու նպատակով, և ներկա փուլում ստուգվում են հանգամանքները՝ ձեռագրի էջերը վերադարձնելու նպատակով։
Այսու մեր ժողովրդին դիմում ենք, որ անհիմն մեկնաբանություններից խուսափեն և վստահ լինեն, որ Սպահանի հայոց թեմի ազգային մարմինները առաջնորդ Սրբազան Հոր գլխավորությամբ նախանձախնդիր են և այս հարցը հետապնդելու են մինչև բարվոք լուծում»,- ասվում է թեմի հաղորդագրությունում։
Թեհրանի հայոց «Արաքս» շաբաթաթերթը նշում է, սակայն, որ հիմնական հարցը մնում է անպատասխան. «Ինչու Սպահանի հայոց թեմի Թեմական խորհուրդը չի հստակեցնում, թե երբ է իրականացվել թալանը և եթե մամուլը չբարձրացներ թալանված սրբապատկերների լուրը, ապա երբ էր խոսելու այս մասին»։
«Վերոնշյալ հաղորդագրության հեղինակները աշխատել են հանցագործին «խորհրդապահական ձևով» հետապնդելու անհիմն բացատրությամբ արդարացնել իրենց` Սպահանի հայոց թեմի Թեմական խորհուրդի, երկար և անհասկանալի լռությունը և ինչու չէ նաև մեղսակցությունն այս գործում»,- գրում է «Արաքսը»:










