Համաշխարհային աստղերը Երևանում. մեկնարկել է «Ոսկե ծիրանը» (տեսանյութ)

13:24 • 11.07.11

Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում հուլիսի 10-ին մեկնարկել է «Ոսկե ծիրան» 8-րդ երևանյան միջազգային կինոփառատոնը: Չնայած հորդառատ անձրևին` փառատոնի մեկնարկն անցել է նախատեսվածի համաձայն: Խորհրդանշական կարմիր գորգի վրայով կինոթատրոն են մտել հյուրերը, որտեղ էլ հենց կայացել է բացման արարողությունը:

Փառատոնի բացմանը ներկա են եղել վարչապետ Տիգրան Սարգսյանը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, աշխարհահռչակ դերասաններ, ռեժիսորներ, այլք:

Ինչպես նշել է վարչապետ Տիգրան Սարգսյանը, «Ոսկե ծիրան»-ը երևանցիների կյանքը դարձնում է առավել հետաքրքիր: «Արդեն անհնարին է դարձել պատկերացնել ամառը` առանց այս փառատոնի, որը ստիպում է Երևանին ապրել այլ տրամադրությամբ»,- ասել է Տիգրան Սարգսյանը` հավելելով, որ կինոփառատոնը տարեցտարի կատարելագործվում է: «Կառավարությունը քայլեր կձեռնարկի, որպեսզի փառատոնը շարունակական լինի»,- ասել է վարչապետը:

Փառատոնի կազմակերպիչները հույս են հայտնել, որ 10-րդ փառատոնն արդեն կանցկացվի հատուկ փառատոնային կենտրոնում, որը հնարավորություն կունենա ընդունել շուրջ 1500 հանդիսատես: Աշխարհահռչակ դերասանուհի Ֆանի Արդանը համաշխարհային կինոյի զարգացման գործում ունեցած ավանդի համար արժանացել է Փարաջանովյան թալերի: Փառատոնը մեկնարկել է Աբաս Քյառոսթամիի «Վավերացված պատճենը» ֆիլմով:

«Ոսկե ծիրան» երևանյան 8-րդ միջազգային կինոփառատոնի հյուրերն են Ֆրանսիայից Ֆանի Արդանը, Ֆրեդերիկ Բուայեն և Թիերի Լընուվելը, Ուկրաինայից Ռոման Բալայանը, Մեծ Բրիտանիայից «The Guardian»-ի և «London Evening Standard»-ի գլխավոր կինոքննադատ Դերեկ Մալքոլմը, հարավկորեացի Չհա Յոուն-Չուն, բուլղարացի կինոքննադատ Բոժիդար Մանովը, Իտալիայից Ալես Դոկտորիչը, Իրանից Ամիր Էսֆանդիարը, Ռուսաստանից Պավել Կոստոմարովը, Պավել Պավլովսկին, Օլգա Շերվուդը ևԵլենա Ստիշովան, Հնդկաստանից Նիրմալ Դհարը և Թուրքիայից Օգջան Ալփերը։