«Ոսկե ծիրանի» հյուրերը հրավիրվել են տոլմայի փառատոնին
Տոլմայի համահայկական առաջին փառատոնը տեղի կունենա Սարդարապատում հուլիսի 14-ին։ Փառատոնին կմասնակցեն «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնին մասնակցող աշխարհահռչակ ռեժիսորներ, դերասաններ, ինչպես նաև ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներ։ Այսօր այս մասին լրագրողներին հայտնեց «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման ու պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը։
«Սեղանի շուրջ կհարթվեն մտքերի սուր ծայրերը, սեղանների շուրջ՝ բարեմաղթանքներով, համ ու հոտով, հյուրասիրությամբ… ուզում ենք, որ տոն դառնա»,- ասաց Սեդրակ Մամուլյանը՝ հավաստելով, որ այս փառատոնը դառնալու է ավանդական։
Նա նշեց, որ սա մեկն է հայ խոհարարների նախաձեռնած միջոցառումներից, որ փառատոների, վարպետաց դասերի միջոցով փորձում է լուսաբանել հայկական խոհանոցը. ««Տոլմի» նշանակել է խաղողի վազ, և Հայաստանը՝ որպես խաղողագործության երկիր, նաև այս ճաշատեսակի երկիրն է»,- ասաց նա՝ նշելով, որ վերջերս այս ճաշատեսակի «հայրենիքի» հարցը դարձել է քաղաքական շահարկումների առարկա։
Գործելու է ավելի քան 20 տաղավար, և այնտեղ հայ խոհարարները կներկայացնեն իրենց վարպետությունն առանց սահմանափակման։ Հաղթողները, որ որոշվելու են կույր մրցավարության արդյունքում, կպարգևատրվեն հուշամեդալներով։
ՀԿ–ի քարտուղար Վահե Անթանեսյանը նշեց, որ խոհարարները նախապես ներկայացնելու են ծրագիր՝ ինչպես են պատրաստելու ճաշատեսակը։ Ըստ նրա՝ հայ խոհարարները տոլմայի պատրաստման ավանդական ձևերը համեմելու են նորարարությամբ. «Խոհանոցը ստատիկ չէ, այն մշտապես պիտի զարգանա»,- ասաց նա։
«Փառատոնի շրջանակներում Հայաստան են ժամանում կինոգործիչներ, և իրենց բավական լարված գրաֆիկի մեջ նրանք նաև կճանաչեն Հայաստանի խոհանոցը»,- ասաց «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի կազմկոմիտեի անդամ Վարդան Հակոբյանը՝ հավելելով, որ տոլմայի փառատոնը լավ առիթ է, որ հյուրերը ծանոթանան հայկական խոհանոցին։










