96 տարի անց Faberge ոսկերչական տունը վերսկսել է աշխատանքը

20:22 • 14.07.11

Faberge ոսկերչական տունը, որը դադարեցրել էր իր արտադրությունը 1917 թվականին, վերսկսել է աշխատանքը։ Այս մասին հայտնում է The Economic Times-ը։ Ընկերությունը սկսել է արտադրությունը Les Fameux de Fabergе սերիայի թողարկումից, որը բաղկացած է ձվի տեսքով 12 կախազարդերից՝ 100-600 հազար դոլար արժողությամբ։

Սպասվում է, որ կթողարկվեն ավելի մատչելի գնով զարդեր ևս՝ սկսած 4 հազար դոլարից։

Faberge տունը պատկանում է հարավաֆրիկացի գործարար Բրայան Գիլբերտսոնին, որը 2007 թվականին Unilever ընկերությունից 38 միլիոն դոլարով ձեռք է բերել Faberge բրենդի նկատմամբ բոլոր իրավունքները։

Կառլ Ֆաբերժեի ստեղծած Faberge ոսկերչական տունը հայտնի է ամբողջ աշխարհում։ Ռոմանովների ընտանիքի անդամների համար ոսկերչի պատրաստած հայտնի Զատկի ձվերը շատ թանկարժեք են. աճուրդներում դրանց գինը միլիոնավոր դոլարների է հասնում։

Պահպանվել է Ֆաբերժեի պատրաստած 54 ձվերից 42-ը։