«Արմմոնո»-ն առաջին անգամ կանցկացվի Արցախում
Հայաստանի թատերական գործիչների միության նախաձեռնությամբ հուլիսի 18-22-ը Արցախում կանցկացվի «Արմմոնո» մոնոներկայացումների թատերական փառատոնը՝ նվիրված Արցախի անկախության հռչակման 20-ամյակին։ Հինգ օրերի ընթացքում ԼՂՀ տարբեր տարբեր քաղաքներում կբեմադրվի 18 ներկայացում, որոնցից ստացված ողջ հասույթը կհատկացվի Ստեփանակերտի Վ.Փափազյանի անվան թատրոնի վերանորոգմանը։ Այսօրվա ասուլիսին այս մասին տեղեկացրեց Հայաստանի թատերական գործիչների միության քարտուղար Սոնա Մելոյանը։
«Դուք հիշում եք, որ երեք տարի առաջ Մշակույթի նախարարության աջակցությամբ նորոգվեց Կապանի թատրոնը և այդ թափ-թազա ռեմոնտ արած, նորոգած թատրոնում անցկացվեց հաջորդ տարի «Արմմոնո»-ն»,- ասաց փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը։
Մելոյանը նշեց, որ արդեն մի քանի տարի է, որ այս փառատոնն անցկացվում է Երևանում և Հայաստանի մարզերում, իսկ այս տարի առաջին անգամ այն կանցկացվի Արցախում։
«Բոլորիս շնորհավորում եմ, որ «Արմմոնո»-ն ներկայացվում է Արցախում,- ասաց դերասան Սամվել Բաղինյանը, ով ներկայացնելու է «Մատյան Ողբերգության» մոնոներկայացումը։- Ես անձամբ պարտավորված եմ ինձ զգում մասնակցել այս բարեգործական մշակութային գործին»։










