Ամիսներ անց Թունջբոյաջյանը խոսեց իր «Գրեմմի» մրցանակի մասին

12:14 • 15.07.11

Արտո Թունջբոյաջյանն այս տարի արժանացել է «Ոսկե Գրամոֆոնի» և դարձել ամենահեղինակավոր երաժշտական մրցանակներից մեկի՝ «Գրեմմի-2011»-ի դափնեկիր «Miho: Journey to the Mօuntain» («Միհո. ճանապարհորդություն դեպի լեռը») երաժշտական ալբոմի ձայնագրմանը մասնակցելու համար։

Ինչպես այսօրվա ասուլիսին տեղեկացրեցին լրագրողներին, այս ալբոմը ստեղծելու նախաձեռնողը ամերիկացի լեգենդար երաժիշտ Փոլ Ուինթերն է, և ալբոմն էլ ճանաչվել է որպես «նյու էյջ» ոճի լավագույն ալբոմ։

Արտո Թունջբոյաջյանը պատմեց ալբոմի ձայնագրման մասին՝ նշելով, որ այն իրականացվել է Ճապոնիայի «Միհո» թանգարանում մեծ դժվարությամբ։

«Անտառին մեջ մոտ երեք հարյուր մետրանոց շենք է, որին առանձին սենյակները ձայնագրման համար առանձնահատուկ էֆեկտներ են տալիս. գիշերային լռության մեջ, ցրտին տաք-տաք կհաքվեինք ու կերթայինք քամին լսելու»,- ասաց երգիչը։

Նշվեց, որ ձայնագրությունն արվել է՝ տեխնիկական նվազագույն միջամտությամբ և բնական հնչողությամբ, աղմուկի մաքսիմալ օգտագործմամբ։ «Աս շենքի մեջ պատուհաններից, դռների արանքներից փչող քամին կարծես երգում է հոբոյի ձայնով. կարող է մի շաբաթ, տասն օր քնեինք, քամին չլիներ»,- ասաց երգիչը։

««Գրեմմին» ինձի համար մեկ բանի համար միայն լավ է. որ կարող է մի հատ փոքր երեխա լսի, որ «Գրեմմի» շահել եմ, երգերս լսի ու զգա, ու իրեն հոգին զգա»,- ասաց երգիչը։