Արտո Թունջբոյաջյանը առաջիկա չորս օրերին ելույթ կունենա Երևանում

17:30 • 15.07.11

Առաջիկա չորս օրերին հայտնի երաժիշտ Արտո Թունջբոյաջյանը և Armenian Navy Band խումբը ելույթ կունենան «Մեցցո» սրճարանում։ Այսօրվա ասուլիսին այդ մասին տեղեկացրեց «Armenian Navy Band» խմբի մենեջեր Ժան Գրիգորյանը։ Նա ասաց, որ որոշակի երգացանկ որոշված չէ, քանի որ Արտոն այն երաժիշտներից չէ, որ կատարում է որոշած երգն ու հեռանում բեմից։

«Ինձի համար շատ կարևոր է ժողովուրդին հետ շփվել. մենակ բեմ չենք բարձրանում՝ դուք փողերը տվել եք, մեզ Աստված տաղանդը տվել է, ես երգում եմ...,- ասաց երգիչը։- Ես պիտի զգամ՝ դուք ինչ կուզեք, պիտի զգամ՝ ինչպես կհասկնաք»։

Ըստ Թունջբոյաջյանի՝ Հայաստանն իր համը շատ է կորցրել. «Հայաստանը շատ կարևոր է և շատ լավ հնարավորություն ուներ։ Կարծես, նոր սկիզբի ժամանակը եկավ, բայց նորեն իրենց հին, նավթալինոտ միտքերը ասին... Այդպես, առավոտ ծիրան ուտում եմ՝ փե՞տ է, թե՞ ծիրան է...»։

Արտո Թունջբոյաջյանը պատմեց, որ իր ուսանողության տարիներն անց է կացրել մի սենյակում, ուր միասին ապրում էին հինգ-վեց հոգով. «Մենք ունեինք մեկ սենյակ՝ հինգ-վեց հոգի, ջուր չունեինք, լույս չունեինք, մեկ շապիկ մենակ ունեինք, հաց էլ մի օր շատ էինք առնում, կուշտ լինում, մեկ քանի օր՝ քիչ։ Հիմա, կարող է, մարդիկ երկու հատ սենյակ ունին, քոմփյութեր ունին, կարող է, ավթո ունին, բայց իրենց աղքատ զգում են։ Մենք մեզ աղքատ չէինք զգա»,- ասաց նա։

Երգչի դիտարկմամբ՝ շատ բան իր տեղում չէ, և ընտրվում են սխալ համակարգային սկզբունքներ։ Մարդկային նուրբ զգացմունքների վերազարթոնքի, մարդու արժևորման համար «Հայաստան պիտի արվետագետ կենտրոն լինի»,- ասաց երաժիշտը։

Ժան Գրիգորյանը նշեց, որ 2008թ. Արտոյի և երեք երաժիշտների նախաձեռնությամբ հիմնադրվել է «Human element» խումբը, և մայիսի 17-ին թողարկվել է առաջին ձայնասկավառակը, որը շատ մեծ իրարանցում է առաջացրել ջազ լսողների և քննադատների շրջանում։