Արտո Թունջբոյաջյանը վաճառում է իր հողը՝ մահացած ընկերոջ ընտանիքին օգնելու համար
«Գրեմմի-2011»-ի դափնեկիր Արտո Թունջբոյաջյանն այսօր «Miho: Journey to the Mountain» («Միհո. ճանապարհորդություն դեպի լեռը») երաժշտական ալբոմի ձայնագրության մասին պատմելիս ասաց, որ ոչինչ առավել կարևոր չէ, քան մարդկային սրտի ջերմությունն զգալն ու ապրած կյանքով գոհանալը։
«Ես գիտեմ, որ եկել եք «Գրեմմիի» մասին լսելու, բայց գրեմի-մրեմի, ադիկա չէ կարևորը, կխնդրեմ ձեզի, որ պատմեք, որ իմ մտերիմ ընկերս, թրոմբոնիստ Աշոտը մահացել է, և նրա երեխաներին համար պետք ունիմ վաճառել իմ փոքրիկ հողակտորը։ Ինձի համար չէ, որ խնդրում եմ, գումարը երեխաներին պետք է»,- ասաց երաժիշտը։
«Armenian Navy Band» խմբի մենեջեր Ժան Գրիգորյանը Tert.am-ի հետ զրույցում պատմեց, որ տրոմբոնահար Աշոտը խմբում նվագում էր 2000թ-ից, և երբ հայտնի դարձավ, որ հիվանդ է քաղցկեղով, Արտոն կազմակերպեց համերգաշար՝ ընկերոջ բուժման համար գումար վաստակելու նպատակով։ «Մեծ համերգը որ պիտի կայանար, լուր ստացանք, որ Աշոտը մահացել է. փոխեցինք դահլիճի ձևավորումն ու համերգը կոչեցինք՝ հիշատակի»,- պատմեց նա։
«Ի՞նչ հողակտորի մասին է խոսքը» հարցին՝ Գրիգորյանը պատասխանեց. «Արտոն մի փոքրիկ հող ունի Մարտունիի Ձորափոր գյուղում։ Արդեն տասը տարի է՝ փորձում է, փորձում է կառուցել իր տունը, բայց էդպես էլ չի հաջողվում։ Հիմա ընկերոջ ընտանիքին օգնելու համար դա է վաճառում»։










