Վախճանվել է Մհեր Մկրտչյանի երկու զավակների մայրը

13:24 • 18.07.11

Քսան տարուց ավելի գտնվելով Սևանի հոգեբուժական հիվանդանոցում` 70 տարեկան հասակում վախճանվել է Դոնարա Մկրտչյանը` 1970-80-ականների հայ թատրոնի, հեռուստատեսության և կինոյի սիրված դերասանուհիներից մեկը, Մհեր Մկրտչյանի երկու զավակների` Նունե և Վահագն Մկրտչյանների մայրը: Այս մասին մեզ տեղեկացնում է թատերագետ Լևոն Մութաֆյանը։

1941-ին Լենինականում ծնված Դոնարա Փիլոսյանը 1959-ին ընդունվել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտ, ավարտել դերասանական ֆակուլտետն ու 1963-ից մինչև 1982 թվականն աշխատել Գ. Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում: Հակում ունենալով դեպի վառ ու ցայտուն կատակերգական կերպարները, օժտված լինելով բնութագրի հրաշալի զգացողությամբ, դերասանուհին երկու տասնյակից ավելի կերպավորումներով է հանդես եկել ակադեմիական թատրոնում` մշտապես սիրվելով հանդիսատեսի կողմից: Հանդիսատեսը հիշում է նրա կերպարները «Բեռնարդա Ալբայի տունը», «Շաբաթ, կիրակի, երկուշաբթի», «Հանրապետության նախագահը», «Ծիրանի ծառ» և այլ բեմադրություններում: Վարդան Աճեմյանի բեմադրած «Աշխարհն, այո, շուռ է եկել» ներկայացման մեջ դերասանուհու Էսմերալդինան կատակերգականի ամենավառ դրսևորումն էր, մի ցայտուն աշխատանք, որն իր արժանի տեղն էր գրավում Գուրգեն Ջանիբեկյանի, Արուս Ասրյանի, Սոս Սարգսյանի, Գեղամ Հարությունյանի, Էդգար Էլբակյանի, Ժան Էլոյանի, Սիրան Ալավերդյանի և մյուսների ձևավորած փառահեղ դերասանական անսամբլում: Դոնարա Մկրտչյանի Անույշը` «Պաղտասար աղբար»-ում` Մհեր Մկրտչյանի խաղընկերակցությամբ, դարձավ նրա ստեղծագործության պսակը, այն լավագույն դերասանական աշխատանքը, որը դիտեցին Հայաստանում, նախկին ԽՍՀՄ շատ քաղաքներում և Սփյուռքում: 1982 թվականին դերասանուհին հրավիրվեց իր ծննդավայրի թատրոն, ուր խաղաց Մարիա` Իոն Դրուցեի «Սրբություն սրբոց» պիեսի բեմադրության մեջ: Դրամատիկական ու ողբերգական շեշտերի համադրումներով ստեղծված այս բեմատիպարը դարձավ նրա վերջին աշխատանքը թատրոնում…

Դերասանուհին մեկ տասնյակից ավելի դերեր է խաղացել Հեռուստատեսային թատրոնում, վարել բազմաթիվ հեռուստատեսային հաղորդումներ և ծրագրեր, որոնք ժամանակին մեծ ճանաչում և մեծ ընդունելություն ունեին: Նրան համամիութենական ճանաչում բերեց «Կովկասի գերուհին» ֆիլմը:

Գտնվելով Սևանի հոգեբուժարանում` Դոնարա Մկրտչյանն այդպես էլ չիմացավ իր զավակների մահվան մասին: Քսան տարի շարունակ նա փայփայում էր բեմ վերադառնալու երազանքը, երբեմն-երբեմն, հոգեկան պայծառացումների պահերին` հիվանդների համար հատվածներ խաղում իր խաղացած ու երազած դերերից…