Christie's աճուրդի տանը կներկայացվեն Beatles–ի անհայտ լուսանկարները

14:25 • 20.07.11

Նյու Յորքում Christie's աճուրդի տունը այսօր վաճառքի է հանելու լեգենդար Beatles խմբի նախկինում չհրապարակված լուսանկարների հավաքածուն, գրում է «Ռիա նովոստին»։

Հավաքորդներին առաջարկվում է մոտ 50 լուսանկար, որոնք արվել են 1964–ին, երբ «հոյակապ քառյակը» հյուրախաղերով հանդես է եկել Վաշինգտոնում ու Բալթիմորում։

1964–ի փետրվարի 11–ին Վաշինգտոնի Coliseum–ը դարձավ բրիտանական խմբի՝ ԱՄՆ–ում կայացած առաջին համերգի վայրը, որը սկիզբ դրեց բիթլոմանիային՝ նախ Նոր Աշխարհում, այնուհետև՝ ողջ երկրագնդով մեկ։

Սև ու սպիտակ լուսանկարների հեղինակը սկսնակ լուսանկարիչ Մայքլ Միտչելն է։ Նկարները կես դար մոռացության են մատված եղել, և միայն այժմ հեղինակը վերանորոգել է դրանք ու ներկայացրել թվային տարբերակով։

Christie's–ի գնահատականներով՝ հավաքածուն կարող է արժենալ 100 հազար դոլար։