Մշակույթի նախարարությունը կնորոգի Սանահինի վանական համալիրը (տեսանյութ)
Մշակույթի նախարարությունը հայտարարել է Սանահինի վանական համալիրը մոտ ապագայում վերանորոգելու իր մտադրության մասին: Այս մասին տեղեկանում ենք «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության տարածած հաղորդագրությունից։
«Չնայած նախարարության կայքում տեղադրված ինֆորմացիան կրում է պոպուլիստական բնույթ և մի շարք հարցերի տեղիք է տալիս, անհնար է ժխտել, որ հասարակական ճնշման տակ նախարարությունը ստիպված եղավ հիշել վարչապետ Տիգրան Սարգսյանի` դեռևս 2010թ. ապրիլի 13-ին Սանահինի վանական համալիրը նորոգելու վերաբերյալ տված հանձնարարականը և ձեռնամուխ լինել դրա կատարմանը:
Սանահինի հետ կապված պատմությունն ապացուցում է, որ Հայաստանում քաղաքացիական հասարակությունն իրականում ունա՛կ է բարձրաձայնել իրեն հուզող խնդիրները և պահանջե՛լ իշխանություններից դրանց լուծումը»,- ասվում է հաղորդագրությունում:
Նախաձեռնությունը նշում է, որ շարունակելու է հետևել Սանահինի ճակատագրին և տեղեկացնել դրա մասին հասարակությանը, և խնդրում Մայր աթոռին՝ ևս հետևողական լինել Մշակույթի նախարարության կողմից Սանահինի բարեկարգման վերաբերյալ վարչապետի անցյալ տարվա հանձնարարականի կատարումը վերահսկելու հարցում:










