Տիգրան Սարգսյանը ճամբար կգնա

19:03 • 21.07.11

Բյուրականում հուլիսի 22-ին կմեկնարկի «Բազե» երիտասարդական ճամբարը, որը կտևի մինչև հուլիսի 31-ը։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունից հաղորդում են, որ «Բազե» ճամբարի շրջանակներում Հայաստանի 10 մարզերից և Երևանի 12 վարչական շրջաններից 18-30 տարեկան ավելի քան 700 երիտասարդներ կապրեն վրանային պայմաններում, կմասնակցեն մարզամշակութային միջոցառումների և արշավի, ինչպես նաև կանցկացնեն հետաքրքիր հանդիպումներով և ծանոթություններով լի հարուստ օրեր։

«Բազե» ճամբարը Հայաստանի երիտասարդական հիմնադրամը կիրականացնի «Հայաստանի ազգային սկաուտական կազմակերպություն» ՀԿ-ի հետ համագործակցությամբ։ Ճամբարի անցկացմանն աջակցում է նաև ՀՀ պաշտպանության նախարարությունը։

Ճամբարը կանցկացվի երեք հերթափոխով, որոնցից յուրաքանչյուրի մասնակիցները ներկայացնելու են ՀՀ պետական դրոշի առանձին գույները: Յուրաքանչյուր փուլում հանդես կգա մոտ 220 երիտասարդ:

Ճամբարի օրակարգը հագեցած է. Հայկական կարմիր խաչի ընկերության կողմից երիտասարդների համար կանցկացվեն առաջին օգնության դասընթացներ, կկազմակերպվի արշավ դեպի Ամբերդ։ Ճամբարի առօրյան հագեցած է նաև մշակութային միջոցառումներով. յուրաքանչյուր ջոկատ կներկայացնի «Բյուրականի առեղծվածը» խորագրով թատերական սկեչ, ճամբարի մասնակիցներին կուսուցանվեն ազգային երգեր, պարեր և խաղեր։ Ճամբարում երեկոյան ժամերին կկազմակերպվի խարույկահանդես։ Նախատեսված են նաև հանդիպումներ պաշտոնատար անձանց հետ։ Ճամբարի առաջին օրը՝ հուլիսի 22-ին, երիտասարդները կհյուրընկալեն վարչապետ, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանին։

Ճամբարի ընթացքում երեք անվանակարգերում՝ «Լավագույն սպորտային ջոկատ», «Լավագույն մշակութային ջոկատ», «Լավագույն կազմակերպված ջոկատ», կշնորհվեն մրցանակներ: «Բազե» ճամաբարի առանձին գույնը ներկայացնող մասնակիցները կհավաքեն Առնո Բաբաջանյանի դիմանկարով պատրաստված խճանկարը: