Գերմանացի փորձագետները Սանահինի պատերի ճաքերի առաջացման իրենց վարկածն ունեն
2011 թվականին պետբյուջեից 90 միլիոն դրամ կհատկացվի Սանահինի վանական համալիրը վերականգնելու համար: Համապատասխան նախագիծը պետք է քննություն անցնի և արժանանա Յունեսկոյի փորձագետների գնահատականին: Այս մասին կառավարության նիստում այսօր հայտարարել է մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:
Ներկայում վանական համալիրում ուսումնասիրություններ են կատարում գերմանացի փորձագետները: Սկանավորման միջոցով ուսումնասիրվում են 10-րդ դարին պատկանող կառույցի ճաքերն ու դրանց առաջացման պատճառները: Գերմանացի փորձագետները, ըստ նախարարի, չեն բացառում, որ ճաքերն առաջացել են սողանքային հողերի հետևանքով: Վերջնական եզրակացությունը գերմանացի փորձագետները կտան սեպտեմբերին:
Հիշեցնենք, «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության ակտիվիստները պնդում են, որ ճաքերի մեծ մասն առաջացել է եկեղեցու գմբեթին աճած ծառերի արմատների հետևանքով: Նրանք Մայր Աթոռին մեղադրում են համալիրը անուշադրության մատնելու մեջ:
Սանահինի վանքը Մայր Աթոռի պահպանությանն է հանձնվել 1998թ.:










