Սերժ Թանկյանը օգոստոսի 14-ին բացօթյա համերգ կտա Երևանում
Սիմոնյան կրթական հիմնադրամի կողմից հիմնադրված «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների նորաստեղծ կենտրոնի պատասխանատուներն այսօր ազդարարեցին իրենց կառույցի պաշտոնական բացման և իրենց կողմից առաջիկայում իրականացվելիք կրթական բացառիկ նախաձեռնության մասին: Կենտրոնի տնօրեն Մարի Լուի Փափազյանը նախ խոսեց իրենց կենտրոնի պաշտոնական բացման արարողությունների ու դրանց վերաբերող անակնկալների մասին: «Նախ ուզում եմ ասել, որ մեր կենտրոնի պաշտոնական բացումը տեղի կունենա 2011 թվականի օգոստոսի 14-ին, որի ժամանակ համերգային ծրագրով հանդես կգա հանրահայտ ամերիկահայ ռոք երգիչ Սերժ Թանկյանը»:
Բացման միջոցառումները բաղկացած են լինելու երեք տարբեր նախաձեռնություններից, այդ թվում` օգոստոսի 12-ին և 13-ին տեղի կունենան երկու հագեցած երեկույթներ` հայկական «Ռեինկարնացիա» ռեգի խմբի, էլէկտրոնային երաժշտության ամերիկացի DJ-ի մասնակցությամբ:
«Որպես խաղերի ստեղծման և անիմացիայի եզակի կրթական կենտրոն` «ԹՈՒՄՈ»-ն բացման միջոցառումների շրջանակում կներկայացնի հատուկ մեծ խաղ կենտրոնի ճակատամասին: Նույն տեղում միաժամանակ կկատարվի հատուկ «ԹՈՒՄՈ»-ի բացման համար ստեղծված եռաչափ հոլովակի արտապատկերում»,- նշեց «ԹՈՒՄՈ»-ի մամուլի և հասարակայնության հետ կապերի համակարգող Սեդա Պապոյանը:










