Կաթողիկոսը եկեղեցին օբյեկտ չէր անվանի. բանավեճ

12:53 • 22.07.11

Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ, հուշարձանագետ Սամվել Կարապետյանն այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի պատասխանատու տեր Վահրամ քահանա Մելիքյանի հետ բանավեճի ժամանակ պնդեց, որ Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ 2006թ-ին կայացած հանդիպման ժամանակ կաթողիկոսը բառացի ասել է. «Ես էդ սարերի վրա եղած վանքերի հետ գործ չունեմ»: Հուշարձանագետի խոսքով, սակայն, Սանահինի հարցը ոչ թե ինքն է բարձրացրել կաթողիկոսի մոտ, այլ հանդիպման մեկ այլ մասնակից Արմեն Հախնազարյանը, որի բարձրացրած հարցը, ըստ Կարապետյանի, ակնհայտորեն դուր չի եկել Վեհափառին, որը «խոժոռվեց, ձեռքը պարզեց ու ասեց՝ ես էդ սարերի վրա եղած վանքերի հետ գործ չունեմ»:

Ըստ Կարապետյանի՝ Վեհափառը ասել է, որ ինքը թույլ չի տա, որ Գեղարդի, Խոր վիրապի վանքերի վրայից մի քար ընկնի, որից հետո կրկնել է, թե ինքը սարերի մեջ եղած վանքերի հետ կապ չունի, և այս պահին այլ օբյեկտների շինարարություն է իրականացվում:

«Ես հերքում եմ, որ Վեհափառը նման բան է ասել՝ հատկապես այն մանրամասները, որոնք ներկայացրեց Սամվել Կարապետյանը»,- հայտարարեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի պատասխանատու տեր Վահրամ քահանա Մելիքյանը՝ նշելով, որ Վեհափառը չէր կարող եկեղեցու շինարարության մասին խոսելիս օբյեկտ ասել: Վեհափառի մամուլի խոսնակը շեշտեց, որ խոսքը եղել է առաջանահերթությունների մասին և որևէ վանքի կամ եկեղեցու վերանորոգում անտեսված չէ Մայր Աթոռի կողմից:

Տեր Վահրամը հատուկ շեշտեց, որ ինքը մեջբերում է Ամենայն Հայոց կաթողիկոսի խոսքը, որ այդ հանդիպման ժամանակ «նման կերպ, նման արտահայտություններ չեն հնչել»:

«Անշուշտ, այս բոլոր օրերի բոլոր դիտակումներն ու հայտարարությունները տպավորություն են ստեղծել, թե Մայր Աթոռը հետաքրքրված չէ իր սրբավայրերով, և դրանով ավելի հետաքրքրված են անհատներն ու երիտասարդները»,- հայտարարեց տեր Վահրամը՝ ավելացնելով, որ վերջին շրջանում Մայր Աթոռի կողմից նորոգվել են հարյուր վանքեր և եկեղեցիներ: Նրա խոսքով՝ որևէ եկեղեցու կամ սրբավայրի նորոգում Մայր Աթոռի և Վեհափառի կողմից անտեսված չեն, սակայն Մայր Աթոռը չունի «ձեր պատկերացրած այն միջոցները», որ վերանորոգի բոլոր վանքերն ու եկեղեցիները: «Պետական հոգածության կարիք կա»,- ասաց նա՝ ավելացնելով, որ Վեհափառն ինքն է ժամանակին Սանահինի վանքը վերանորոգելու համար բարերար փնտրել:

«Քննարկումները երբեք Մայր Աթոռի համար մերժելի չեն եղել, հակառակը՝ Մայր Աթոռը ողջունում է քննարկումները, բայց երբ հետևում եմ սոցիալական ցանցերի քննարկումներին, ես դրանք չեմ կոչի քննարկումներ, այնտեղի լեզուն, վիրավորենանքերն ու անպարկեշտությունները պատիվ չեն բերում այդ երիտասարդներին, երկրին ու եկեղեցուն »,- հայտարարեց կաթողիկոսի խոսնակը: