Արցախի ԱԳՆ-ում բացվել է լուսանկարային վահանակ

16:11 • 25.07.11

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 20-րդ տարեդարձի առթիվ պետհանձնաժողովի կողմից հաստատված միջոցառումների շրջանակներում ԼՂՀ Արտաքին գործերի նախարարության շենքում բացվել է լուսանկարային վահանակ` նվիրված ղարաբաղյան ազգային-ազատագրական շարժման արդի փուլին։ Այս մասին հայտնում են Արցախի ԱԳՆ-ից։

Վահանակին ներկայացված են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախի Հանրապետության) պետականության խորհրդանիշները, քարտեզը, համառոտ տեղեկատվություն ԼՂՀ վերաբերյալ, լուսանկարային նյութեր, որոնք պատմում են ղարաբաղյան շարժման, ի պատասխան արցախցիների խաղաղ պահանջների` Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի, երկրամասի բնության և տեսարժան վայրերի, հետպատերազմյան կյանքի և վերաշինության գործընթացի, կյանքի տարբեր ոլորտներում ղարաբաղյան ժողովրդի ձեռքբերումների մասին և այլն:

Զբոսաշրջիկների համար նախատեսված հաոուկ անկյունում զետեղված են տեղեկատվություն` հանրապետության տարածք մուտքի և ելքի կարգի, հյուրանոցների մասին, ինչպես նաև այլ օգտակար տեղեկություններ:

Վահանակի բացումը հարմարեցված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչության ստեղծման 18-ամյակին: