Իշխանություն-ժողովուրդ՝ ինչպես մարմնավաճառ-կլիենտ. Վարդան Պետրոսյանի նոր ներկայացումը (տեսանյութ)
Օգոստոսին Երևանում ֆրանսահայ դերասան Վարդան Պետրոսյանը հանդիսատեսին կներկայացնի «Սեռասարսափ» ներկայացումը, որի սցենարը նա գրել է Փարիզում: Ներկայացման վերնագիրը մի քանի անգամ փոփոխություն է կրել՝ «Մի վախեցեք», «Հիսուս մեզ հետ» և այլն, բայց հետագայում ընտրվել է այս «դաժան» վերնագիրը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Վարդան Պետրոսյանը՝ պարզաբանելով, որ նման վերնագրի ընտրությունը պայմանավորված է նրանով, որ ներկայացման մեջ արծարծվում են հարցեր, որոնց մասին մենք և խոսում ենք, և չենք խոսում, կամ հաճախ արհամարհում ենք այդ հարցերը:
«Վերջ ի վերջո, իրականության մի անվանում է, իհարկե, երգիծական, իհարկե, ինչ-որ բառախաղով, բայց էդտեղ կան խորքեր: Այստեղ կան, օրինակ, սկետչեր մարմնավաճառների մասին, ես նրանց եմ անդրադարձել... և ներկայացման վերջում հանկարծ մեր հարաբերությունները, նույնիսկ՝ իշխանություն-ժողովուրդ հարաբերությունները հասցված են դրան՝ մարմնավաճառ կլիենտ հարաբերությանը: Դա կարող է ծիծաղ առաջացնել, կարող է՝ ժպիտ առաջացնի, բայց այս ամենի մեջ ես փորձել եմ գտնել խորքեր....»,- ներկայացրեց դերասանը:
Նրա խոսքով՝ սա կինոներկայացում է. զուգահեռ բեմում ֆիլմ է ցուցադրվում: Այն կներկայացվի օգոստոսի 8-ին և 9-ին՝ Հակոբ Պարոնյանի անվան թատրոնում, որը, ըստ դերասանի, «բարեբախտաբար, զովացվում է»: «Գիտեք, սա էլ կարելի է որպես ռեկլամ տալ. ամառ, գնում ենք Անթալիա, թանկ է կամ հայրենասիրական չի, Իտալիա՝ թանկ է, չգիտեմ որտեղ՝ թանկ է։ Երևան, Երևանում էժան է, Պարոնյանի թատրոն, որտեղ կարող եք փող տալ, գնալ, նստել, զովացուցիչ ըմպելիքները խմել, դահլիճը զովացվում է, դուք նստում եք, մեկն էլ էնտեղ թաղում ա բոլորին»,- իր ներկայացման գովազդը հուշեց Վարդան Պետրոսյանը:










