Առաջ ասում էին՝ մալադեց Վանո, հիմա ասում են՝ մալադեց Սերժ. Վարդան Պետրոսյան (տեսանյութ)

14:43 • 27.07.11

Ֆրանսահայ դերասան Վարդան Պետրոսյանը, որ վեց ամսվա ընդմիջումից հետո արդեն 22 օր Երևանում է, այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ իր նոր՝ «Սեռասարսափ» ֆիլմում ինքը մի դրվագով անդրադառնալու է մեր շախմատիստների հաղթանակին։

« 90–ականների մի պահ էր մեր հանրապետությունում, որ ամեն ինչ Վանոյի ձեռքում էր, մենք ասում էինք հանրապետություն, պատկերացնում էինք Վանո։ Էդպիսի մի անեկդոտ կար՝ Քլինթոնը վերընտրվեց և երկու ավտոտեսուչ, փողոցում կանգնած, դե սովորաբար ապարանցի են իրենք լինում, երկու գայիշնիկ, սկեպտոր, կանգնած խոսում են։ Մեկն ասում է. «Լսի, Վալոդ, լսել ես, Քլինթոն վերընտրվել ա», ասում ա. «Մալադեց Վանո»»: Հիմա արդեն դարձել է մերը՝ մեր շախմատիստները դարձել են աշխարհի չեմպիոն, ասում են՝ «Մալադեց Սերժ, հալալ ա Սերժին, ախպեր»։ Բերել ա, կազմակերպել ա, սնունդը տվել ա, խաղացվել ա, ճշտվել ա, աշխարհի չեմպիոն դարձվել են»,– կես կատակ ասաց Պետրոսյանը։

Նա նշեց, որ շախմատային այդ կարևոր իրադարձությանը ինքը չի կարող չանդրադառնալ իր ներկայացման մեջ։ Պետրոսյանի խոսքով՝ իր նոր ներկայացման մեջ մի սկետչ կա շախմատային դիվանագիտության մասին, որի սցենարը գրվել է ապրիլին, բայց «իրենից շուտ իշխանությունն ու ընդդիմությունը կարողացան այս բանակցություններն անվանել շախմատային դիվանագիտություն»: «Ինձնից առաջ անցան, ոչինչ չեմ կարող անել»,– կատակեց Պետրոսյանը։