Մինասի որմնանկարները մնացին Գյումրիում
Մինաս Ավետիսյանի «Հայկական հովվերգություն» և «Գորգ են գործում» որմնանկարները կփրկվեն ոչնչացումից: Այսօր կառավարության նիստում կայացվեց դրանք վերականգնելու և տեղադրելու մասին համապատասխան որոշումը: Հարցը զեկուցող մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը նշեց, որ Գյումրու համայնքային իշխանությունները, հասարակական կազմակերպությունները, մշակույթի ու արվեստի գործիչները հանդես են եկել որմնանկարները վերականգնելու և Գյումրիում տեղադրելու առաջարկով:
Նախագծով «Հայկական հովվերգությունը»` բաղկացած երկու մասից, վերականգնումից հետո ամրացվելու է Գյումրու քաղաքապետարանի նորակառույց նիստերի դահլիճում, իսկ «Գորգ են գործում» աշխատանքը Շիրակի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական հուշարձանների ցուցակում ներառված շենքի սրահում:
Գյումրիում Մինաս Ավետիսյանի` ոչնչացումից փրկելու ևս չորս ստեղծագործություն կա:
«Քանի որ Գյումրիում այս հարցի նկատմամբ շատ մեծ ուշադրություն կա, պետք է խնդրենք հասարակական կազմակերպություններին, որպեսզի նոր առաջարկություններ ներկայացնեն մեզ, որպեսզի մենք այդ որմնանկարները նույնպես կարողանանք փրկել, քանի որ դա է մեր գերխնդիրը: Որմնանկարները ցանկացած գնով պետք է փրկել, և եթե հասարակական շարժումն ուղղվի այն ուղղությամբ, որ օգնի մեզ գտնել այնպիսի տնտեսավարող սուբյետկտների, որոնք ի վիճակի են ներդրումներ կատարել և այդ որմնանկարները փրկել, ապա մենք մնացած չորս որմնանկարների վերաբերյալ նույնպես պատրաստ ենք կայացնել որոշումներ, որպեսզի դրանք մնան Գյումրիում կամ Շիրակի մարզում: Ուղղակի անհրաժեշտ է գտնել այնպիսի մարդկանց, ձեռնարկությունների, որոնք պատրաստ են ներդրումներ կատարել»,- ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը:










