Երևանում բացվեց նոր գրատուն

19:19 • 29.07.11

Երևանում տեղի է ունեցել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գրատան բացման արարողությունը` հանդիսապետությամբ Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու հոգևոր տեսուչ Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանի:

Մինչ արարողությունը ներկաներին ողջունել է գրատան տնօրեն Կարեն Հակոբյանը` ուրախություն հայտնելով կարևոր այս ծրագիրը կյանքի կոչելու առիթով և վստահեցնելով, որ գրատունը հոգևոր գրականության մատակարարմամբ մեծ ծառայություն կբերի հայ ժողովրդին:

Այնուհետև կատարվել է օրհնության արարողությունը, որի ավարտին Անուշավան Սրբազանը շնորհավորել է ամենքին գրատան բացման առիթով: Սրբազանն իր խոսքում նշել է. «Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ Երևանում բացվեց լուսավոր մի կենտրոն` գրքերի աշխարհ: Դժբախտաբար ժամանակի ընթացքում մեր հասարակության մեջ նվազել է ընթերցանությունը, գրատները վերածվել են այլ հաստատությունների: Նորին Սրբությունը, կարևորելով ընթերցանությունն ու գիտելիքը, ցանկացավ, որ բացվի այս գրատունը, որպեսզի հայորդիները հնարավորություն ունենան ծանոթանալ մեր ժողովրդի և Եկեղեցու պատմությանը, հոգևոր գրականությանն ու Եկեղեցու դավանաբանությանը»: Սրբազանը նաև ընդգծել է հոգևոր-կրոնական գրականության ընթերցանության անհրաժեշտությունը` նշելով, որ այս գրատունն իր ծառայությամբ ևս մեկ խարիսխ պիտի դառնա` ետ պահելու ժողովրդին ամեն տեսակ մոլորությունից:
Այս առիթով իրենց սրտի խոսքն են ասլ նաև Տաթև արքեպիսկոպոս Սարգսյանը և Մայր Աթոռի Հրատարակչական բաժնի գրասենյակի վարիչ Տ. Ղևոնդ քահանա Մաիլյանը: «Գիրքը սրբություն է, որը կյանք է տալիս մարդուն, ազնվացնում ու կրթում է նրա հոգին, միտքն ու սիրտը: Հայ գիրքը հայ մարդու պատիվն է»,- նշել է Տաթև Սրբազանը, իսկ Ղևոնդ քահանան անդրադարձել է Մայր Աթոռի Հրատարակչական բաժնի լայնածավալ գործունեությանը` նշելով, որ միայն վերջին հինգ տարիներին բաժինը հրատարակել է շուրջ երկու հարյուր միավոր պատմական, հայագիտական, եկեղեցագիտական, աստվածաբանական, մեկնողական, կրոնական-գեղարվեստական գրականություն:

Արարողությանը ներկա են եղել Մայր Աթոռի միաբաններ, տարբեր հրատարակչությունների ներկայացուցիչներ, Հայաստանի գրողների միության անդամներ և գիտության ու մշակույթի գործիչներ: