Հայաստանի անկախության 20-ամյակի նվիրված միջոցառում Շվեյցարիայում

11:00 • 30.07.11

Հայաստանի անկախության քսանամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Շվեյցարիայի Տիսինո շրջանի Լոկառնո քաղաքի ցուցասրահներից մեկում տեղի է ունեցել հայ ժամանակակից կերպարվեստի բնագավառի երկու երիտասարդ նկարիչների` Արևիկ Մկրտչյանի և Աննա Հարությունյանի աշխատանքների ցուցահանդեսի բացումը:

Ինչպես հայտնում են ԱԳՆ-ից, ցուցահանդեսը կազմակերպվել էր Շվեյցարիայի Տիսինո կանտոնի կրթության, մշակույթի և սպորտի վարչության նախաձեռնությամբ, Շվեյցարիայում ՀՀ դեսպանության, Լոկառնոյի բարեգործական կոմիտեի և մշակութային հարցերով կազմակերպական հանձնաժողովի ջանքերով:

Միջոցառմանը մասնակցել են Շվեյցարիայում ՀՀ դեսպանության, Տիսինոյի պետական և հանրային կառույցների, տեղի հայկական համայնքի ներկայացուցիչներ:

Ցուցահանդեսի բացման արարողությանը ընթերցվել է Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շառլ Ազնավուրի ուղերձը, որում մասնավորապես նշվում էր, որ Հայաստանի անկախության քսանամյակի միջոցառումների շարքում մշակութային նման միջոցառման կազմակերպումն արտահայտում է Հայաստանի որպես անկախ ու կայուն պետության վերաբերմունքը իր երկրի պատմության և ժառանգության հանդեպ` միաժամանակ ի ցույց դնելով խաղաղ ու ստեղծագործ աշխատանքով իր ապագան կերտելու Հայաստան պետության և հայ ժողովրդի ձգտումը:

Միջոցառման ընթացքում ելույթներով հանդես են եկել ցուցահանդեսի կազմակերպիչները` նշելով հայկական մշակույթի առանձնահատուկ գրավչությունն ու ինքնատիպությունը, հայ ժողովրդի ստեղծագործական զարմանահրաշ ունակությունները, որ չնայած բազմաթիվ դժվարություններին մշտապես զարգացել է ու նորանոր ստեղծագործություններ պարգեւել աշխարհին:

Լոկառնոյում հայ ժամանակակից արվեստի ներկայացուցիչների աշխատանքների ցուցահանդեսը կգործի մինչև 2011 թ. հոկտեմբերի 28-ը:

Շվեյցարիայի իտալախոս մասում կազմակերպվող Հայաստանի անկախության 20 ամյակին և հայկական մշակույթին նվիրված միջոցառումների շարքում Լոկառնոյում նախատեսվում են նաև օգոստոսի 25-ին` Հայաստանին նվիրված ֆիլմի ցուցադրում, սեպտեմբերի 22-ին` Հայաստանում շվեյցարական KASA և Արեվամանուկ հումանիտար կազմակերպությունների գործունեության ներկայացումը, հոկտեմբերի 8-ին` հայկական ավանդական խոհանոցի ներկայացում: