Մեր երաժիշտներին պետք է հետ ներկրենք Հայաստան. Էդուարդ Թոփչյան (տեսանյութ)

13:40 • 01.08.11

«Մենք նոր դպրոց չենք հիմնել, մենք խորհրդային դպրոցը շատ հաջող քանդել ենք ու դեռ շարունակում ենք քանդել»,- այսօրվա ասուլիսի ժամանակ ասաց խմբավար Էդուարդ Թոփչյանը՝ հավելելով, որ որևէ երաժշտական դպրոց նվագող արտադրելու խնդիր չունի, սակայն որակը մեծապես անկում է ապրել։

«Խնդիրների հիմքն է վերաբերմունքը, քաղաքականությունը և պահանջարկը… երևի չունենք»,- ասաց Թոփչյանը՝ անդրադառնալով երաժշտական կրթության անկման խնդրին։ Նա նշեց, որ համապատասխան արժևորում չի գտնում իրապես արժանին. «Օրինակ՝ Սայաթ-Նովան ճանաչվել է քաղաքի առաջին դպրոցը, բայց նա ընդհանրապես նվագող չունի,- ասաց նա։- Եթե շարունակվեց էսպես, վեց տարուց ֆիլհարմոնիկ էլ չունենք։ Հիմա մենք էնտեղ ունենք փայլուն մարդիկ, որ շատ վատառողջ են, և ոչ մի երաշխիք չունենք, որ նրանց փոխարինող կլինի»։

Ըստ Թոփչյանի՝ «ինձնից հետո՝ թեկուզ ջրհեղեղ» մտայնությունը այնքան ժամանակ կխոչընդոտի երաժշտական կրթության զարգացմանը, որքան այն կրողները կլինեն որոշիչ դերում։ «Ինչքան բաժանեցինք աշխարհին, շատ հաճելի է, բայց հիմա նորից պիտի հետ ներկրենք նրանց. այսինքն՝ մտածենք ինչ աշխատավարձ ենք տալիս, որ էդ մարդիկ գան»,- ասաց Թոփչյանը։

«Երկու կարևորագույն երաժշտական դպրոց պետք է վերցնել, որտեղ չգործի «իմ ծանոթը, քո պլեմյաննիկը», ուսուցիչները շատ բարձր վարձատրվեն, որովհետև մենք ունենք գործիքներ, որ արդեն գրանցվել են Կարմիր գրքում՝ օրինակ կոնտրաբասը»,- նշեց խմբավարը։

«Ես արդեն չեմ ասում, թե հնարավոր է փրկել կոնսերվատորիան։ Ամեն ինչ սկսվում է դպրոցից։ Ներկա իրավիճակը շատ լավն է, բայց ապագայով մտահոգված եմ»,- ասաց նա։