Վինդզորի պալատի ամենաբարձր աշտարակը վերաբացվել է

14:51 • 02.08.11

Վինդզորի պալատի հայտնի «Կլոր աշտարակը» 36 տարի տևած ընդմիջումից հետո վերաբացվել է այցելուների համար։ Ինչպես հաղորդում է The Daily Mail պարբերականը, օգոստոսի 1-ին արդեն առաջին զբոսաշրջիկները բարձրացել են բրիտանացի միապետների նստավայրի ամենաբարձր կետը և դիտել շրջակայքը։

«Կլոր աշտարակը» փակվել էր 1975թ. կապիտալ վերանորոգման նպատակով, քանի որ փորձագետները կարծում էին, որ այն քանդվելու վտանգի տակ է։

Այժմ «Նվաճիր աշտարակը» անունը կրող էքսկուրսիան հնարավորություն է տալիս զբոսաշրջիկներին բարձրանալ 200 աստիճանները և 45 մետր բարձրությունից դիտել Վինդզորը և Լոնդոնը։ Զբոսաշրջիկները կարող են այցելել նաև պատկերասրահ, որը միջին դարերում նետաձիգների համար ծառայել է որպես ապաստարան։

«Կլոր աշտարակը» կառուցվել է 1170թ. Անգլիայի թագավոր Հենրի 2-րդի կողմից։