Պետությունը բավարար միջոցներ չի հատկացնում պատմամշակութային ժառանգության պահպանմանը. մշակութաբան (տեսանյութ)

17:10 • 04.08.11

Մշակույթի նախարարության պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Հակոբ Սիմոնյանը լրագրողների հետ այսօրվա ասուլիսում տեսակետ հնչեցրեց, որ իր պատմամշակութային ժառանգության ծավալով Հայաստանն առաջատար դիրք է զբաղեցնում ամբողջ աշխարհում. «Եթե հաշվի առնենք այն փաստը, որ պաշտոնապես հաշվառված հուշարձանների թիվն առաջիկայում կազմելու է 26.000, պետք է ասել, որ փաստորեն Հայաստանի յուրաքանչյուր մեկ կիլոմետր քառակուսի տարածքին բաժին է ընկնում մեկ հուշարձան»,- նշեց մշակութաբանը: Մինչդեռ, նրա բնորոշմամբ, օրինակ, տարածքով Հայաստանին գերազանցող Մոլդովայում կամ Բելառուսում հուշարձանների թիվը գրեթե 3-4 անգամ զիջում է Հայաստանում վկայագրվածների թվին:

«Պետք է ասել, որ չնայած վիթխարի ժառանգությանը` դրա պահպանման համար պետության կողմից տրամադրվող ֆինանսական միջոցներն անհամեմատ քիչ են`տարեկան կտրվածքով շուրջ մեկ միլիոն դոլար: Այնինչ հարևան Վրաստանում նույն նպատակի համար պետությունը հատկացնում է շուրջ 9 միլիոն դոլար»,- ցավով արձանագրեց Հակոբ Սիմոնյանը:

Անդրադառնալով Երևանի ճարտարապետա-քաղաքաշինական ներկայիս վիճակին՝ մասնագետը պարզաբանեց, որ դեռևս 1993 թ.-ին ինքը մասնակցել է Երևանի պատմամշակութային հիմնավորումը ներառող մի փաստաթղթի մշակման աշխատանքներին, ինչի արդյունքում որոշում էր կայացվել մայրաքաղաքի բոլոր քաղաքաշինական ծրագրերն իրականացնել ըստ նշյալ հայեցակարգի: Բանախոսը տեղեկացրեց, որ ընդունված փաստաթղթի համաձայն`Երևանի ամբողջ կենտրոնը համարվել է արգելոց-հուշարձանային միջավայր: «Ցավոք, Հայաստանի նախորդ իշխանությունները չեղյալ համարեցին փաստաթուղթը, ինչի հետևանքով մենք կորցրեցինք հին Երևանը»,- ասաց մշակութաբանը: