Աղթամարի Սուրբ խաչ եկեղեցին պատրաստվում է պատարագի

09:19 • 09.08.11

Աղթամարի Սուրբ խաչ եկեղեցում այս տարվա պատարագը տեղի է ունենալու սեպտեմբերի 11-ին: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Դողան» գործակալությունը, Վանում հայտարարել է Պոլսո հայոց պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը:

Արամ Աթեշյանը հույս է հայտնել, որ պատարագի արարողությունը կանցնի հանգիստ պայմաններում և առանց որևէ խնդիրների:

«Անցած տարի որոշ բողոքներ եղան այն պատճառով, որ եկեղեցու գմբեթին խաչը տեղադրված չէր: Այս տարի խաչը տեղադրվել է և որևէ խնդիր չկա: Հուսով ենք, որ ամեն ինչ կանցնի հանգիստ պայմաններում»,- ասել է արքեպիսկոպոս Աթեշյանը`տեղեկացնելով նաև, որ պատարագին մասնակցելու համար որևէ պաշտոնական հրավեր չի լինելու:

Հիշեցնենք, որ Աղթամարի Սուրբ խաչ եկեղեցին թուրքական իշխանությունների կողմից վերանորոգվել է 2007թ.: Միայն 3 տարի անց պաշտոնական Անկարան թույլատրեց տարին մեկ անգամ պատարագ մատուցել եկեղեցում: Առաջին պատարագը մատուցվեց արքեպիսկոպոս Աթեշյանի ձեռամբ անցած տարվա սեպտեմբերի 19-ին: Սակայն եկեղեցու գմբեթին խաչը տեղադրվեց պատարագից հետո մոտ 10 օր անց: