Բեն Լադենի մասին ֆիլմը քաղաքական սկանդալ է առաջացրել

14:07 • 11.08.11

Ամերիկացի ռեժիսոր Քեթրին Բիգելոուի նոր նախագիծը՝ Ուսամա բեն Լադենի սպանության մասին ֆիլմը, ԱՄՆ-ում քաղաքական սկանդալի պատճառ է դարձել։

Ինչպես հաղորդում է The New York Times պարբերականը, Բիգելոուն և նրա սցենարիստ Մարկ Բոելը ֆիլմի վրա սկսել էին աշխատել դեռ անցյալ տարի, երբ Բեն Լադենը սպանված չէր։ Սցենարի այդ տարբերակում պետք է պատմվեր ահաբեկչին հայտնաբերելու մի քանի անհաջող փորձերի մասին։ Սակայն Բեն Լադենի սպանությունից հետո ֆիլմի հեղինակները որոշել են դրա մեջ ներառել Պակիստանի Աբբոտաբադ քաղաքում տեղի ունեցած հրաձգության տեսարանը։

Քանի որ հատուկ գործողությունը արտոնված էր Սպիտակ տան կողմից և գաղտնի բնույթ ուներ, կոնգրեսի անվտանգության հարցերով կոմիտեի նախագահ Փիթեր Քինգը դիմել է Կենտրոնական հետախուզական վարչությանը-ին և Պենտագոնին՝ պահանջելով ստուգել ֆիլմում օգտագործվող գաղտնի տեղեկության առկայության փաստը, ինչը իբր տրամադրվել է նախագահի վարչակազմի կողմից։
«Ինձ խիստ անհանգստացնում է այն փաստը, որ ֆիլմում կարող է հրապարակվել գաղտնի տեղեկություն։

Այդ գործողության ընթացքում օգտագործված քայլերը և մանևրները կարող են օգտագործվել հետագա գործողությունների համար։ Իսկ ռեժիսորն անգամ չի հասկանում, թե կոնկրետ որ պահին թշնամու համար կբացվի պետական գաղտնիքը»,- մեջբերում է թերթը Քինգի խոսքերը։

Բացի այդ, կոնգրեսմենը հայտնել է, որ ֆիլմի պրեմիերան նախատեսվում է 2012թ. հոկտեմբերի 12-ին, ինչը ընտրությունների նախօրեին կարող է դիտվել որպես քարոզչություն Օբամայի օգտին։

Կոնգրեսմենի հայտարարությանը ի պատասխան՝ Սպիտակ տան մամուլի քարտուղարը հայտնել է, որ «ոչ մի գաղտնի տեղեկություն չի տրամադրվել», իսկ Քինգի քննադատությունը «պարզապես ծիծաղելի է»։