Ջիվան Գասպարյանի բեմական գործունեության 65-ամյակը համերգներով կնշվի Երևանում, Գյումրիում և Սպիտակում
«Վաղուց Երևանում համերգ չէի տվել, բայց որոշեցինք Օպերայի դահլիճում կազմակերպել մի բացառիկ համերգ։ Այս անգամ ուզեցի, որ ելույթ ունենամ հայ երաժիշտների հետ, քանի որ մենք ունենք հրաշալի արտիստներ»,– լրագրողների հետ այսօրվա հանդիպմանն ասաց լեգենդար դուդուկահար Ջիվան Գասպարյանը՝ խոսելով իր բեմական գործունեության 65 տարիների առթիվ օգոստոսի 15-ին նախանշված համերգի մասին։
Ծիրանափողի վարպետի խոսքով՝ հոբելյանական համերգը բացառիկ է լինելու, քանի որ դուդուկ նվագարանը ներկայացվելու է ոչ միայն իր ավանդական ձևով, այսինքն հայկական ժողովրդական երաժշտության մատուցմամբ, այլ հնչելու են դասական, էստրադային ու ջազային ժանրի, նաև ֆիլմերից հայտնի երաժշտական ստեղծագործություններ։ Անվանի դուդուկահարը մասնավորեցրեց, որ հոբելյանական հանդիսությանը ներկայանալու են այնպիսի հեղինակավոր երաժիշտներ, ինչպիսիք են դաշնակահարներ Վահագն Հայրապետյանն ու Արմեն Բաբախանյանը, երգչուհի Աննա Մայիլյանը, վարպետի թոռը՝ դուդուկահար Ջիվան Գասպարյանը, դուդուկահարների քառյակի նվագակացությամբ և և այլ տաղանդավոր արտիստներ։
«Ոչ ոք երևի չի էլ պատկերացնում, թե ծիրանափողով կարելի է նույնիսկ Բախ կատարել»,–շեշտեց Ջիվան Գասպարյանը։
Ասուլիսին ներկա դաշնակահար, միջազգային մրցույթների դափնեկիր Արմեն Բաբախանյանն էլ կարևորեց այն փաստը, որ վարպետի բեմական կյանքի 65-ամյակին նվիրված համերգին մասնակցելու են հայ շնորհալի երաժիշտներ, ինչը հայրենասիրության իսկական օրինակ է Ջիվան Գասպարյանի կողմից։ «Դուք կծանոթանաք հայկական նվագարանի նոր հնարավորություններին, նոր դրսևորումներին ու կողմերին»,– տեղեկացրեց վաստակավոր դաշնակահարը։
Հայ բեմի լեգենդ Ջիվան Գասպարյանը, որը խոստովանեց, որ ինքն ընդհանուր առմամբ 72 տարի դուդուկ է նվագում, նշեց. «Ես հաշվել եմ, որ ես մոտավորապես քսան հազար համերգ եմ նվագել իմ ամբողջ կյանքում, այն էլ՝ աշխարհի ամենամեծ երաժիշտների հետ։ Նվագել եմ Ստալինի, Քենեդիի համար, ելույթ եմ ունեցել Անգլիայի թագուհու ֆիլհարմոնիկ նավագախմբի հետ։ Ես ինձ համարում եմ աշխարհի երջանիկ մարդկանցից մեկը, քանի որ կարողացել եմ Հայաստանը ներկայացնել ամբողջ աշխարհում»։
Վարպետը լրագրողներին հայտնեց, որ առաջիկայում կայանալիք համերգը նպատակ ունի կրկնել Գյումրիում և Սպիտակում, ընդ որում, այդ համերգները կլինեն անվճար։
Նա հավելեց, որ մոտ ապագայում լքելու է մեծ բեմը, քանի որ ցանկանում է սերունդ դաստիարակել, երեխաներին անվճար սովորեցնել դուդուկ նվագել։
Որպես իր գործի արժանի շարունակող Վարպետը հնչեցրեց իր թոռան՝ Ջիվան Գասպարյանի անունը։ «Թող ագռավի ու իր ձագի հայտնի պատմությունը չլինի, բայց Ջիվանն իսկապես տաղանդավոր է։ Նա իմ թոռնիկը չէ, նա իմ վերջին աշակերտն է»,– հպարտությամբ ասաց արտիստը։










