«Ազատության արձանը» մեկ տարի փակ կլինի
ԱՄՆ–ի Ազատության արձանը հիմնովին վերանորոգման կարիք ունի. այն մեկ տարով կփակվի զբոսաշրջիկների այցելության համար։ Այս մասին հայտնել է ԱՄՆ ներքին գործերի նախարար Քեն Սալազարը։
Ամերիկայի խորհրդանիշի վերանորոգման համար կծախսվի 27,5 մլն դոլար, հայտնում է «Բի–ԲԻ–ՍԻ»–ն։ 93 մետր բարձրություն ունեցող 125–ամյա արձանի ներսում կտեղադրեն նոր վերելակներ ու աստիճաններ։ Այդ աշխատանքների ժամանակ, սակայն, զբոսաշրջիկները հնարավորություն կունենան այցելել Ազատության կղզի, որտեղ տեղակայված է արձանը։
«Լեդի ազատությունը» տեսնելու համար տարեկան 3,5 մլն զբոսաշրջիկ է այցելում. նրանց մեծ մասը չի բարձրանում կառույցի վերնամաս։
Արձանը խորհրդանշում է քաղաքացիական հասարակության կարևորագույն արժեքները՝ ազատությունն ու ժողովրդավարությունը։
ԱՄՆ–ը այն 1886–ին նվեր է ստացել Ֆրանսիայից՝ ամերիկյան անկախության 100–ամյակի կապակցությամբ։










