Վարչապետի հուշամեդալ՝ Սերժ Թանկյանին

21:26 • 12.08.11

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր կառավարությունում ընդունել է աշխարհահռչակ ամերիկահայ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանին:

Ողջունելով հյուրին՝ կառավարության ղեկավարը նշել է, որ կարևորում է հռչակավոր երաժշտի այցելությունը` Հայաստանում ռոք երաժշտության աջակցության ու զարգացման համատեքստում: Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանում ստեղծվել է հայաստանյան մի շարք ռոք խմբերի միավորող ռոք ասոցիացիա, որի գործունեությունը նպաստում է Հայաստանում ռոք երաժշտության տարածմանը:

Անդրադարձ է կատարվել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ «Ռոքն ընդդեմ ցեղասպանության» փառատոնի անցկացմանը և դրան համաշխարհային հռչակ ունեցող ռոք խմբերի ու կատարողների մասնակցությանը:

Վարչապետը Սերժ Թանկյանին մաղթել է առողջություն, ուժ ու եռանդ բոլոր մտահղացումների իրականացման համար:

Հանդիպման ավարտին Հայոց ցեղասպանության ճանաչման գործում անձնական նշանակալի ավանդի ու համաշխարհային ռոք երաժշտության մեջ ունեցած անգնահատելի ներդրման համար վարչապետ Տիգրան Սարգսյանը երգիչ ու երգահան Սերժ Թանկյանին պարգևատրել է ՀՀ վարչապետի հուշամեդալով: