Գարիկը խորովածի փոխարեն սուշի է ուտում և հայկական հարսանիքներ չի վարում

13:12 • 13.08.11

Ռուսական շոու բիզնեսի հումորային աստղ Գարիկ Մարտիրոսյանը հարցազրույց է տվել ուկրաինական Сегодня–ին, որը ներկայացնում ենք ստորև.

–Գարիկ, վերջերս ներկա էի «Պրոժեկտորփերիսհիլթոնի» համերգին և նկատեցի, որ շատ եք կատակում քաղաքական, այդ թվում՝ Ուկրաինայի քաղաքականության թեմաներով... չե՞ք վախենում կատակել իշխանությունների հետ։

–«Պրոժեկտորում» մենք, ի դեպ, չենք կատակում ո′չ քաղական, ո′չ սպորտային, ո′չ էլ մշակութային թեմաներով. մենք պարզապես թերթեր ենք կարդում, կարծես փաստում են այնտեղ գրածը։

—Իսկ աշխատանքից դուրս հետևու՞մ եք Ռուսաստանում և Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններին։

—Չգիտեմ՝ ինչպես մյուս տղաները, բայց ես՝ ոչ այնքան։ Ոչ թե ինձ չի հետաքրքրում, այլ պարզապես ժամանակ և ուժ չի մնում։

—Ասում են` Դուք Ուկրաինայում հաճախ եք հյուրընկալում, մեր գործարարները սիրում են հրավիրել ձեզ...

—Իրականում, այդքան էլ հաճախ չեմ այցելում Ուկրաինա, որքան կցանկանայի։ Իսկ կորպորատիվ երեկույթներին՝ հազվադեպ։ Այ «Քոմեդի քլաբը» հաճախ է գալիս, իսկ ես՝ ոչ։

—Լսել եմ, որ դուք սկզբունքորեն հրաժարվում եք վարել հայկական հարսանիքներն ու կնունքները, որոնց հաճախ են ձեզ հրավիրում...

—Ես ոչ միայն հայկական, այլ ցանկացած հարսանիք վարելուց եմ հրաժարվում։ Ես ինձ թամադա չեմ համարում, և ոչ էլ՝ հարսանեկան տոնակատարության վարող. ես դա անել չգիտեմ։ Շատ մարդիկ կան, ովքեր այդ գործի մեջ արհեստավարժ են. դա չեմ անի ցանկացած գումարի, անգամ 1 մլն եվրոյի դիմաց։

—Այդուհանդերձ, Դուք համարվում եք ռուսական շոու բիզնեսի ամենապահանջված հաղորդավարներից մեկը, իսկ Ձեր հոնորարը ամենաբարձրերից է՝ մոտ 30 հազար եվրո…

—Ես ոչ մի հոնորար չեմ ստանում և ընդհանրապես չեմ աշխատում որպես հաղորդավար։ Ինձ անընդհատ այդ մասին հարցնում են, զանգում, բայց չէ՞ որ ես հաղորդավար չեմ և միայն շատ մեծ կորպորատիվ միջոցառումներ եմ վարում, մեծ ընկերությունների կազմակերպած երեկույթները, հատկապես, երբ այնտեղ ելույթ է ունենում «Քոմեդի քլաբը» կամ «Պրոժեկտորփերիսհիլթոնը»։ Ես երբեք երկրով մեկ չեմ շրջել՝ հարսանիքներ կամ կորպորատիվներ վարելու համար։

—Ինչպե՞ս եք վերաբերվում ալկոհոլին։

—Հոյակապ, ինչպես ասել էր Ուինսթոն Չերչիլը, «ալկոհոլն ինձ ավելի շատ բան է տվել, քան վերցրել»։ Ահա ես նրա հետ այդ հարցում համաձայն եմ, առավել ևս, որ ինչպես Չերչիլը, ես նույնպես հայկական կոնյակ եմ նախընտրում, բայց չեմ չարաշահում, իհարկե։

—«Պրոժեկտորի» գործընկերների հետ Դուք նաև ընկերներ եք, արդյոք դա չի՞ խանգարում աշխատանքին։

—Մենք երբեք լիդեր չենք ունեցել։ Մեր աշխատանքն այնպես է կազմակերպված, որ չկա հիերարխիկ համակարգ, բոլորը հավասար են և լսում են միմյանց, իսկ երբ ազատ ժամանակ ենք ունենում, բոլորով հավաքվում ենք հանգստանալու...

—Եվ այդ ժամանակ Դուք, ամենայն հավանականությամբ, խորովածի արարողությունն եք «գլխավորում»։

—Ոչ, ես խորոված պատրաստել չգիտեմ, և ընդհանրապես դեմ եմ այն կարծրատիպին, թե կովկասցիները, և հատկապես հայերը, պետք է խորոված պատրաստել իմանան։ Օրինակ, ես ավելի շատ ձուկ և սուշի եմ սիրում... իսկ պատրաստել ընդհանրապես չգիտեմ և երբեք դա չեմ արել, իմ կինն է լավ պատրաստում, դա բավարար է։

—Գոնե առավոտյան անկողնում նրան սուրճ մատուցու՞մ եք։

—Ոչ, և երբեք դա չեմ անի։ Ես ավելի ուշ եմ արթնանում. նա է ինձ համար սուրճ պատրաստում։

—Դուք երկու փոքր երեխա ունեք։ Երեխաների համար ժամանակ ունենու՞մ եք։

—Բարեբախտաբար, այո։ Ահա վերջերս մեկ ամսով երեխաների հետ այցելել էինք Յուրմալա, բոլորով միասին հանգստացանք։ Դուստրս շուտով 7 տարեկան կդառնա, ուզում եմ նրան վարդագույն էլեկտրոնային ժամացույց նվիրել, նա շատ է ուզում։ Շուտով դպրոց է գնալու, և դա կլինի նրա կյանքում առաջին ժամացույցը։

—Իսկ Դուք խի՞ստ հայր եք։

—Խիստ եմ, բայց չափավոր։ Երեխաների վրա ձեռք չեմ բարձրացնում, բայց նաև նրանց քմահաճույքները չեմ տանում, և նրանք գիտեն դրա մասին։

—Իսկ Ձեր կինը կարո՞ղ է երեխաներին վստահել Ձեզ, հանգիստ թողնել գնալ։

—Փոքրիկ տղայիս՝ դեռ ոչ, իսկ դստերս հետ հանգիստ զբոսնում եմ, մենք գնում ենք զբոսայգի, կարուսել նստում, բայց այ նրա մազերը հյուսել չի ստացվում։

Տեսանյութում` ինչպես էր կատակում Գարիկ Մարտիրոսյանը 15 տարի առաջ: