Այսօր Սիամանթոյի ծննդյան օրն է
Այսօր արևմտահայ բանաստեղծ Սիամանթոյի (Ատոմ Յարճանյան) ծննդյան օրն է։
Նա ծնվել է 1878թ. օգոստոսի 15-ին։ Նախնական կրթությունը ստացել է հայրենի Ակն գյուղում, հետո՝ Կոնստանդնուպոլսում: 18 տարեկանից սկսել է շրջել աշխարհում, եղել է Հունաստանում, Եգիպտոսում, Շվեյցարիայում, Անգլիայում և Ֆրանսիայում, որտեղ էլ հաճախել է Սորբոնի համալսարան։
1908թ-ին վերադարձել է Պոլիս։ Այս տարիներին լույս են տեսնել նրա ժողովածուները՝ անդրադարձ հայոց ողբերգական և հերոսական անցյալին, հոգեցունց արյունալի ներկայի պատկերներ։ Մռայլախոհ «Ափ մը մոխիր, հայրենի տուն» և հերոսոգի «Ես երգելով կ'ուզեմ մեռնիլ» բանաստեղծություններով հայ դպրոցականին հայտնի արևմտահայ մտավորականը ժամանակի մեծագույն գաղափարախոսությունների կրողն էր. նա բարձրացրել է հայոց վերամիավորման, աշխարհասփյուռ հայության՝ հայրենիք վերադարձի, նախնյաց հողի համար անզիջում պայքարի գաղափարները՝ դրանց միջոցով հնարավոր համարելով լուսավոր ապագայի հեռանկարը։
Սիամանթոն իր «Դյուցազնորեն», «Հայորդիներ», «Հոգեվարքի և հույսի ջահեր» «Կարմիր լուրեր բարեկամես», «Հայրենի հրավեր» ժողովածուներով և «Սուրբ Մեսրոպ» պոեմով ջերմ ընդունելություն է գտնել հայ գրողների և մտավորականների կողմից: 1913թ-ից տեղափոխվելով Կովկաս՝ ոգևորված բանաստեղծն ապրում էր նոր վերելք, սակայն Մեծ Եղեռնն ընդհատում է այն։
1915 թվականին նա գտնվում էր հայ մտավորականների այն խմբի մեջ, որին, Անկարա քաղաքից ոչ հեռու մի ձորում, թուրք խուժանները տանջեցին վայրենաբար` զենքով, բրիչներով, քարերով, կացիններով։ Պատմում են, որ մյուս օրը թուրք մարդասպաններն Անկարայի փողոցներում շրջում էին հայ մտավորականների եվրոպական հագուստներով։
Աղբյուրը՝ armenianhouse.org










