Պլասիդո Դոմինգոն կերգի երկրաշարժից ավերված քաղաքում

16:57 • 16.08.11

Իսպանացի տենոր Պլասիդո Դոմինգոն բարեգործական համերգ կտա Նոր Զելանդիայի՝ երկրաշարժից տուժած Քրայսթչերչ քաղաքում։

Ինչպես հաղորդում է «Ֆրանսպրես» գործակալությունը, համերգից ստացված հասույթը կհատկացվի Court Theatre ընկերության շենքի վերականգնմանը, որը գտնվում էր Christchurch արվեստի կենտրոնում, ինչպես նաև քաղաքի սիմֆոնիկ նվագախմբին։ Պլասիդո Դոմինգոյի ելույթը տեղի կունենա հոկտեմբերի 6-ին՝ Քենթերբերի մարզադաշտում։

Նոր Զելանդիայի Հարավային կղզու Օպերային հիմնադրամի տնօրեն Քրիստոֆեր Դոյգը նշել է, որ Դոմինգոն շատ էր ցանկանում օգնել քաղաքին, քանի որ գիտի, թե ինչ են վերապրել Քրայսթչերչի բնակիչները երկրաշարժից հետո։ 1985թ. տենորի 4 ազգականներ զոհվել են Մեխիկոյում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով։

2011թ. փետրվարի 22-ին Նոր Զելանդիայի Քրայսթչերչ քաղաքում տեղի ունեցած 6,3 բալանոց երկրաշարժի հետևանքով զոհվել է 181 մարդ։ Երկրաշարժի հետևանքով հիմնականում տուժել է քաղաքի կենտրոնական հատվածը, որտեղ գտնվում է մշակութային կազմակերպությունների մեծ մասը։