Լիդուշիկն արդեն Ղրիմում է. մանկական «Նոր ալիքի» փորձերը սկսվել են

18:09 • 16.08.11

Մանկական «Նոր ալիք 2011» երիտասարդ կատարողների մրցույթի մասնակիցների փորձը տեղի է ունենում Ղրիմի «Արտեկ» ճամբարի բեմում։

Ինչպես հաղորդում է «ԲԵԼՏԱ» գործակալությունը, փորձերը տեղի կունենան ամեն օր։ Մրցույթի կազմակերպիչները երիտասարդ կատարողների երգացանկից բացի հատուկ նշանակություն են տալիս նաև մասնակիցների իմիջին։

Երեխաներին ավելի մոտիկից ծանոթացնելու և նրանց ընկերացնելու նպատակով կազմակերպվել է «Հանդիպումների երեկո» տոնը, որի ժամանակ մասնակիցները պատմել են իրենց մասին և միմյանց նվերներ նվիրել։
Օգոստոսի 20-ին տեղի կունենա մրցույթի բացման արարողությունը և առաջին մրցութային օրը, որի ժամանակ մասնակիցները կկատարեն հայտնի մուլֆիլմերից և ֆիլմերից երգեր։ Երկրորդ մրցութային օրը մասնակիցները կներկայացնեն յուրօրինակ կոմպոզիցիա, իսկ երրորդ եզրափակիչ օրը՝ տեղի կունենա հաղթողների պարգևատրման արարողությունը և մրցույթի փակման գալահամերգը։

Երեք մրցանակային տեղերի հաղթողները կպարգևատրվեն «Հախճապակե ալիք» արձանիկներով և թանկարժեք նվերներով։ Բացի այդ, մասնակիցներից մեկին կտրվի «Ադամանդե ալիք»՝ հանդիսատեսի համակրանքի համար։

Հայաստանից մրցույթին կներկայանա 12-ամյա Լիդուշիկը։ Նրա հետ կմրցեն Բուլղարիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ղազախստանի, Լատվիայի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Չեխիայի և Շվեդիայի մասնակիցները։