Շառլ Ազնավուրը վերադառնում է «Օլիմպիա»

01:05 • 17.08.11

87-ամյա Շառլ Ազնավուրը ստեղծագործական գործունեության նոր էջ է բացում. օգոստոսի վերջին կթողարկվի երգչի հերթական սկավառակը, որում ներառված են նրա 12 նոր երգերը: Զուգահեռաբար «Դոն Քիշոտ» հրատարակչությունը կտպագրի նրա նոր՝ «Մի դռնից մյուսը» վերնագրով գիրքը: Եվ վերջապես, սեպտեմբերի 7-ից Ազնավուրը կվերադառնա փարիզյան ամենահին «Օլիմպիա» դահլիճ, որտեղ նա ավելի քան 30 տարի ելույթ չի ունեցել:

Փարիզյան համերգներից հետո, որոնք տևելու են մեկ ամիս, Ազնավուրը համերգներով կշրջագայի Ֆրանսիայում, ինչից հետո հանդես կգա Լատինական Ամերիկայում, Կանադայում և այլուր:

«Իզվեստիային» տված հարցազրույցում Ազնավուրը պատմել է իր առօրյայի մասին՝ հայտնելով, որ շատ է սիրում կարդալ Լաֆոնտենի, Մոլիերի, Հյուգոյի և Սաշա Գիտրիի ստեղծագործությունները:

Երգիչն ասել է, որ վախենում է մահից ու չէր ցանկանա Մոլիերի պես մեռնել բեմի վրա. Ազնավուրը կցանկանար կյանքից հեռանալ՝ հարազատներով շրջապատված: