«Սահման»-ը Մոսկվայում կմասնակցի Ազգային կինեմատոգրաֆիաների ֆորումին
Հարություն Խաչատրյանի «Սահման» ֆիլմը կմասնակցի Ազգային կինեմատոգրաֆիաների 15-րդ ֆորումին, որը կանցկացվի օգոստոսի 28-ից մինչև սեպտեմբերի 4-ը Մոսկվայի Կրասնայա Պրեսնիայում գտնվող Կինոկենտրոնի մեծ դահլիճում: Այս մասին տեղեկացնում է «Ոսկե ծիրան» փառատոնի մամուլի գրասենյակը։
Ֆորումն ընդգրկված է ԱՊՀ երկների մշակութային համագործակցության 2011 թվականի հիմնական ծրագրում. այնտեղ 1994 թ-ից ներկայացվում է ԱՊՀ երկրների, Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի ազգային կինոմատոգրաֆիան
15-րդ Ֆորումի ծրագրում ընդգրկված են «Տարածք» (Ադրբեջան), «Սահման» (Հայաստան), «Համաձայնության կանխավարկածը» (Ռուսաստան), «Կապար» (Ուզմեկիստան), «Կարմիր սնդիկ» (Էսթոնիա, Ռուսաստան), «Ընտանեկան հարցեր» (Լատվիա), «Միանձնուհին» (Բելառուս), «Իսկ այնտեղ թատրոն կա» (Վրաստան, Կախի Կավսաձեի մասնակցությամբ) և «Ուշացած սեր» (Ղազախստան, Նատալիա Արինբասովայի և Ժերար Դեպարդյեի մասնակցությամբ) ֆիլմերը:
Ֆորումի սահմաններում կանցնեն ավանդական քննարկումներ և ավարտական «Եվրասիայի կինոարվեստը 2010-2011» կլոր սեղան - քննարկումը:
Հիշեցնենք, որ Հարություն Խաչատրյանի «Սահման» ֆիլմը ներկայացված է եղել մի շարք միջազգային փառատոններում և արժանացել Անթալիայի միջազգային փառատոնի «Գրան-պրի» մրցանակին, Սիրակուզների և Խիխոնի միջազգային փառատոների « Լավագույն վավերագրական ֆիլմ» մրցանակին, Իտալիայի «Կինոատելյե » փառատոնի «Դարկո Բրատինա» մրցանակին տարվա լավագույն ֆիլմի համար: 2010 թ. ֆիլմը ստացել է FIPRESCI միջազգային կինոքննադատների ֆեդերացիայի մրցանակը Շվեյցարական Ֆրիբուրի միջազգային փառատոնում: 2009 թ. «Սահմանի» համար Հարություն Խաչատյանը ստացել է ԱՊՀ և Բալտիայի երկրների «Կինոշոկ» փառատոնի լավագույն ռեժիսոր մրցանակը:










