Տոնգերենի Գալլո-հռոմեական թանգարանը՝ տարվա թանգարան Եվրոպայում (լուսանկարներ)
Տոնգերենի Գալլո-hռոմեական թանգարանը (Բելգիա) այս տարվա Եվրոպական թանգարանների ամենամյա մրցանակաբաշխության գլխավոր մրցանակակիրն է: Հեղինակավոր մրցանակը հանձնվել է Գերմանիայում, Բրեմերհավենի էմիգրացիոն կենտրոնում, որը նախորդ տարվա հաղթողն էր:
Եվրոպական թանգարանների ամենամյա մրցանակն առաջին անգամ շնորհվել է Եվրոպական թանգարանների ֆորումի կողմից՝ 1977թ., և շարունակվում է մինչ օրս:
Գործելով Եվրոպայի խորհրդի հովանու ներքո՝ մրցանակաբաշխությունը նկատելիորեն առաջընթաց է գրանցել, և այժմ ԵԽ 47 անդամ- երկրներ կարող են մասնակցության հայտեր ներկայացնել:
Այս՝ 2011թ. համար դիմել են եվրոպական 15 երկրների 40 թանգարաններ, որոնցից 34-ն են պարգևատրվել: Թեկնածու-թանգարանները գնահատվել են այնպիսի գործոններով, ինչպիսիք են հասարակությանը մատուցվող ծառայությունների որակը, պրոֆեսիոնալ փորձը և նորարարական ծրագրերը:
Փորձագետների խումբը շրջել է ողջ Եվրոպայով և այցելել բոլոր 40 թանգարանները:
Տոնգերենի Գալլո-Հռոմեական թանգարանը հնագիտական թանգարան է, որը կազմակերպվել է դեռևս 19-րդ դարի կեսերին: Փորձագետներին առանձնապես տպավորել է թանգարանային հավաքածուն, որը ներառում է 170000 հնագիտական առարկաներ: Դրանցից մշտական ցուցադրության մեջ ներկայացված են 2300 ցուցանմուշ:
Հավաքածուն ներառում է նեանդերթալյան մարդուն և Homo Sapiens –ին բնորոշող հստակ ապացույցներ. գործիքներ և ոսկե մետաղադրամներ, որոնք վկայում են դեռևս երկաթի դարում նախնադարյան հասարակության սոցիալական շերտավորման մասին: Հավաքածուն ներկայացնում է նաև ճարտարապետական մանրամասներ , ինչպես նաև վաղ քրիստոնեական դարաշրջանին բնորոշ զարդեղեն: Թանգարանի գործող ցուցադրությունը թարմացվել է և հանրության համար թանգարանն իր դռները վերաբացել է 2009-ին: Գալլո-հռոմեական թանգարանի պաշտոնական կայքը հաղորդում է, որ այն Լիմբորգ պրովինցիայի հպարտությունն է և վերաբացումից հետո ունեցել է 220 հազար այցելու:
Ժյուրին հանդես գալով մամուլի հաղորդագրությամբ՝ նշել է, որ «Տոնգերենի թանգարանը չի երկյուղում այցելուին առաջադրանք տալուց, ցուցադրությունը հանրությանը տանում է դեպքերի միջով, սակայն թանգարանը չի պարտադրում իր եզրակացությունները»: Ժյուրին բարձր է գնահատել նաև թանգարանի կրթական ծրագրերը, գերազանց սարքավորումների առկայությունը և պրոֆեսիոնալ թիմի աշխատանքը:
Մրցույթի շրջանակում Եվրոպական թանգարանային ֆորումը «Kenneth Hudson» մրցանակով խրախուսել է նաև Զագրեբի Խզված հարաբերությունների թանգարանին(Broken Relationships)՝ մարդկային հարաբերությունների և շրջապատող քաղաքական, սոցիալական և մշակութային իրադարձությունների նկատմամբ ունեցած նրբանկատ մեկնաբանության համար: Մինչդեռ «Silletto» մրցանակը, որը շնորհվում է ի հիշատակ ««Մանքս» ազգային ժառանգության ընկերության առաջին նախագահ Ռեջինալդ Սիլեթթոյի, տրվել է Օվերքերքում(Նիդերլանդներ) գտնվող Flood Museum-ին(Ջրհեղեղի թանգարան)` այն երևակայության և խիզախության համար, որ թանգարանը դրսևորել է ազգային ողբերգության վայրը ցուցադրության մաս դարձնելով:
Եվրոպական թանգարանների ամենամյա մրցանակը համարվում է միջազգային ամենահեղինակավոր մրցանակներից մեկը` թանգարանային գործի ոլորտում:











