Առեղծվածային մահ. Էմի Ուայնհաուսի մահվան պատճառը թմրանյութերը չեն

22:01 • 23.08.11

Հայտնի բրիտանացի երգչուհի Էմի Ուայնհաուսի օրգանիզմում նրա մահվան պահին որևէ արգելված դեղանյութ չի եղել: Այդպիսի եզրահանգման են եկել թունաբանական հետազոտություն իրականացրած բժիշկները, հաղորդում է Вести-ն՝ վկայակոչելով երգչուհու պաշտոնական ներկայացուցիչը:

Ուայնհաուսի մահվան պատճառն, այդպիսով, դեռևս հայտնի չէ: Մասնագետներն ասել են, որ հետազոտությունների արդյունքում նրա օրգանիզմում հայտնաբերվել են ալկոհոլի հետքեր, սակայն դեռևս պարզ չէ՝ ինչպիսի դեր է խաղացել ալկոհոլը նրա մահվան հարցում:

Հիշեցնենք, որ Էմի Ուայնհաուսը տառապում էր ալկոհոլիզմով, ինչպես նաև թմրանյութեր էր օգտագործում: Որոշ մասնագետներ կարծում են, որ նրա մահվան պատճառը կարող է լինել ոչ թե ալկոհոլի հերթական չարաշահումը, այլ ուղիղ հակառակը՝ ալկոհոլիզմի դեմ պայքարում չափազանց կտրուկ միջոցների ձեռնարկումը:

27-ամյա Էմի Ուայնհաուսի դին հայտնաբերվել էր նրա լոնդոնյան տանը՝ ընթացիկ տարվա հուլիսի 23-ին: