Ամերիկյան ողբերգությունը Էգոյանի ֆիլմում. Guardian

10:45 • 24.08.11

Շուտով մեծ էկրան կբարձրանա վեսթմեմֆիսցի հայտնի եռյակի մասին պատմող կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանի ֆիլմը։ Էգոյանի այդ ֆիլմին է անդրադառնում նաև բրիտանական Guardian պարբերականը։

Պարբերականը հիշեցնում է, որ «Եռյակը Վեսթ Մեմֆիսից» արտահայտությունը շրջանառության մեջ մտավ 1993թ. ԱՄՆ Արկանզաս նահանգի Վեսթ Մեմֆիս քաղաքում 1993թ.  տեղի ունեցած դեպքերից հետո, երբ անչափահասներ Դամիեն Էքոլսը, Ջեսի Միսքելի կրտսերը և  Ջեյսոն Բոլդուինը մեղադրվեցին երեք  8–ամյա երեխայի սպանության մեջ։ Տեղի մամուլը, բնակիչները, նույնիսկ ոստիկանները վստահ էին, որ երեխաներին սպանել են սատանայական ծեսի ժամանակ, իսկ իրավապահ մարմինների ներկայացուցիչները, ի վերջո, վճռեցին և հասարակությանը վստահեցրեցին, որ հենց վերոնշյալ երեք անձինք են մեղավոր այդ սպանության համար։ 18 տարի անազատության մեջ մնալուց հետո տղաներն օրեր առաջ ազատ արձակվեցին (ԴՆԹ փորձաքննությունը ցույց էր տվել, որ նրանք ոճրագործության հետ կապ չեն ունեցել)։ Վերջին իրադարձությունը կրկին ակտուալ դարձրեց արդարադատության համակարգի թերությունների խնդիրը, այդ համատեքստում՝ Էգոյանի ֆիլմը։ Հայտնի եռյակի, նրանց նկատմամբ կայացված անարդար դատավճռին են անդրադարձել բազմաթիվ լրագրողներ, նկարահանվել են ֆիլմեր։ Եռյակի մասին պատմող վերջին ֆիլմը Ատոմ Էգոյանինն է։

«Սա ժամանակակից «Սալեմյան դատավարությունն է» (դատավարությունը տեղի է ունեցել ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Սալեմ քաղաքում 1692թ.։ Կախարդության մեղադրանքով 19 մարդ կախաղան բարձրացվեց, մինչև 200 մարդ էլ բանտարկվեցին։ Իսկ 1702թ. դատարանի որոշումն անօրինական ճանաչվեց – խմբ.),– հայտարարել է Էգոյանը,– սցենարը շոշափում է ողբերգության էությունը, դրա հետևանքով հասարակության մեջ առկա զայրույթը, անվստահությունը։ Սա պատմություն է ոչ միայն հասարակության, արդարությունը փնտրելու և գտնելու հակասական հուզական կարիքների, այլ նաև հապշտապ կայացված որոշումների ծանր հետևանքների մասին։ Տվյալ դեպքում ինձ համար շատ  պարզ էր, որ դա դատական սխալ էր։ Ես կարծում եմ, որ փաստագրական ֆիլմերն իրականում հիանալի աշխատանք են կատարել դա ցույց տալու համար։ Բայց այդ ամենի հետևում մարդկային դրաման է։ Ես կարծում են, որ կարողացել եմ ներկայացնել դա»,– Էգոյանի խոսքերն է մեջբերում պարբերականը։