Շառլ Ազնավուրը համերգ կտա «Օլիմպիայում»՝ նվիրված ՀՀ Անկախության 20-ամյակին
Հայաստանի Անկախության 20-ամյակին նվիրված տոնական միջոցառումներ են կազմակերպվում Բելգիայում, Գերմանիայում, Նիդեռլանդներում, Ֆրանսիայում, աշխարհի այլ հայաշատ երկրներում։ Նախատեսվում են համերգներ և ցուցահանդեսներ։ Այդ մասին այսօր ասուլիսին ասաց Անկախության 20-րդ տարեդարձի միջոցառումների գլխավոր համակարգող Վիգեն Սարգսյանը։
Դրանց մի մասին կմասնակցի նաև նախագահ Սերժ Սարգսյանը, կհրավիրվեն օտարերկրյա դիվանագետներ և պաշտոնյաներ. պաշտոնական այցերի օրակարգի մասին հետագայում կհաղորդի նախագահի գրասենյակը։
Վիգեն Սարգսյանը նշեց, որ այս տոնական միջոցառումներից է աշխարհահռչակ հայ շանսոնյե Շառլ Ազնավուրի համերգը, որով նա վերադառնալու է Փարիզի «Օլիմպիա»։










