Հանուն արտագաղթը կանխելու՝ Յորգանցը կվաճառի իր ռեստորանն ու տարվա 1/3–ը կանցկացնի Հայաստանում

14:05 • 25.08.11

«Հայաստանին միասնություն է պետք», - այսօր Երևանում հրավիրված ասուլիսին նշեց համերգներով Հայաստան եկած Մարթեն Յորգանցը։

Ֆրանսիայի իր փոքրիկ ռեստորանում ամեն գիշեր իրեն հյուր եկած հայերի համար նա երգում է՝ «իր սրտից ու իր հանդիսատեսի սրտից»։ Այդ փոքրիկ հայկական-ստեղծագործական անկյունը Յորգանցի համար կարևոր է հայրենիքից հեռու հայրենակիցների հետ անմիջական շփումը պահելու, միասին ապրելու և հայ մնալու համար։

Անկախությունը, ըստ Յորգանցի, շատ կարևոր է, և Հայաստանի զարգացման համար անշրջանցելի դեր ունի, սակայն այսօր անկախ Հայաստանը շատ լուրջ խնդրի առաջ է, և այդ՝ ամենալուրջ խնդիրը երգչի աչքերով՝ արտագաղթն է։

«Ամենեն մեծ խնդիրն է, որ ժողովուրդը դուրս կելլա»,- ասաց նա։ Յորգանցը նշեց, որ անկախ համաշխարհայնացման միտումների՝ բոլոր ժողովուրդների մեջ ազգապահպան հատվածը մեռնում է հանուն հայրենիքի, հանուն հայրենիքի մեկ խնդիրը լուծելու, իսկ մեզանում հեռանում են հայրենիքից՝ առանց մահվան սպառնալիքի, երբեմն առանց լուրջ խնդիրների, և ըստ նրա, արտագաղթն արդեն վտանգավոր չափերի է հասել։

Արտագաղթի կասեցման գործում իրլփոքրիկ լուման ներդնելու համար Մարթեն Յորգանցը նախատեսում է իր փոքրիկ ռեստորանը վաճառել, և տարեկան գոնե երեք-չորս ամիս անցկացնել հայրենիքում։