Ջեյմս Բոնդի մասին հաջորդ ֆիլմը կնկարահանվի Հնդկաստանում

18:18 • 01.09.11

Գործակալ 007 Ջեյմս Բոնդի 23-րդ ֆիլմի նկարահանումները տեղի կունենան Հնդկաստանում։ Այս մասին հաղորդում է «Բի-Բի-Սի»-ն՝ վկայակոչելով India take one productions ընկերության ներկայացուցիչ Ռախուլ Սոնիին։
Նրա խոսքերով՝ հարավասիական պետության իշխանությունները «թույլատրել են նկարահանումներ անցկացնել Մումբաիում (Բոմբեյ), Նյու Դելիում և Գոայում»։


23-րդ ֆիլմում, որն առայժմ անգամ աշխատանքային անվանում չունի, երրորդ անգամ անընդմեջ կխաղա բրիտանացի դերասան Դենիել Քրեյգը։


Ֆիլմը կնկարահանի անգլիացի ռեժիսոր և դրամատուրգ Սեմ Մենդեսը, որը 5 անգամ դարձել է օսկարակիր։ Ֆիլմի հեղինակներից Պրավեշ Սախնին հայտնել է, որ Մենդեսը նկարահանման վայր է ընտրել Մումբաին՝ «եռացող հնդկական փողոցների» շունչը փոխանցելու համար։
Սպասվում է, որ նկարահանումների մի մասը տեղի կունենա Հարավային Աֆրիկայում։ Ֆիլմը էկրան կբարձրանա 2012թ. նոյեմբերին։