Մադոննայի «Սեքս» գիրքը ամենափնտրվողն է ԱՄՆ-ում

18:01 • 01.09.11

1992թ. լույս տեսած Մադոննայի «Սեքս» գիրքը գլխավորում է ԱՄՆ այլևս չհրատարակվող ամենահայտնի գրքերի վարկանիշային աղյուսակը։


Ինչպես հաղորդում է «Բի-Բի-Սի»-ն, այլևս չհրատարակվող 100 ամենահայտնի գրքերի վարկանիշային աղյուսակը կազմել է BookFinder.com կայքը, որն օգնում է ընթերցողներին ձեռք բերել հազվագյուտ գրքերր։


Աղյուսակի երկրորդ հորիզոնականում 1984թ. հրատարակված ամերիկացի գրող Նորա Ռոբերտսի «Խոստացիր ինձ վաղը» վեպն է։ Ինքը՝ հեղինակը, խորհուրդ չի տալիս կարդալ իր այդ վեպը և հույս ունի, որ այն այլևս չի վերահրատարակվի։
Այլևս չհրատարակվող գրքերի աղյուսակի երրորդ և չորրորդ հորիզոնականներում են Սթիվեն Քինգի երկու գրքերը՝ «Ցասում» վեպը, որը գրվել է Ռիչարդ Բահման ծածկանվան տակ, և «Իմ սիրելի պոնի» պատմվածքը։
Առաջին տասնյակի մեջ են մտել նաև Ջոննի Քեշի հուշերը՝ «Սևազգեստ մարդը», և Նորման Մեյլերի կողմից գրված Մերլին Մոնրոյի կենսագրությունը։


BookFinder.com կայքի ներկայացուցիչները հայտնել են, որ 1989թ. լույս տեսած Սառա Բրեդֆորդի գրչին պատկանող Գերոգ 6-րդ թագավորի կենսագրությունը սկսել է մեծ մասսայականություն վայելել «Թագավորի խոսքը» ֆիլմից հետո։