Վրացի նախարարը ռեժիսոր Ստուրուային «գրավիչ» առաջարկ է արել
Վրաստանի մշակույթի և հուշարձանների պաշտպանության նախարար Նիկա Ռուռուան վրացի հայտնի ռեժիսոր Ռոբերտ Ստուրուային, որին օրեր առաջ հեռացրել էր Շ. Ռուսթավելիի անվան թատրոնի ղեկավարի պաշտոնից, առաջարկել է շարունակել իր գործունեությունը թատրոնում, մասնավորապես, սեզոնին երկու ներկայացում բեմադրել. նախարարը ռեժիսորին նաև մեծ հոնորար են խոստացել։
Ինչպես հաղորդում է վրացական Ghn.ge կայքը, այս մասին Facebook–ի իր էջում գրել է Ստուրուան։ Ռեժիսորը նաև ասել է, որ նախարարի առաջարկն իրեն փոխանցել է թատրոնի տնօրեն Զաալ Չիկոբավան։
«Կարճ ասած, մեր խոսակցությունն ավարտվել է իմ գրքերը տուն տեղափոխելու շուրջ պայմանավորվածությամբ»,– գրել է Ստուրուան։
Վրաստանի մշակույթի նախարարը վերջերս Ստուրուային հեռացրեց Շ. Ռուսթավելիի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնից։ Ստուրուայի պաշտոնանկությունից հետո նախարարն ասել էր, որ Ստուրուան պաշտոնից հեռացվել է «իր օտարատյացության» համար։
Իսկ ահա վրացական լրատվամիջոցները գրում են, որ Ստուրուայի դեմ իշխանությունները հատկապես «արշավ» սկսեցին նրա այն հարցազրույզից հետո, որի ժամանակ ռեժիսորը Վրաստանի նախագահ Սաակաշվիլիին հայ էր անվանել՝ հավելով, թե ինքը չի ցանկանում, որպեսզի իր երկրի նախագահը լինի հայը, որը չի հասկանում, թե ինչ են ուզում վրացիները։










