Նկարիչը Շիրակում հրաշք ջրվեժ է գտել, տեղը չի ասում (տեսանյութ)

14:35 • 03.09.11

«Հայկական ներկապնակ» նկարչական փառատոնի շրջանակում Նկարիչների միությունում այսօր բացվեց «Շիրակի ամառային գույները» խորագրով ցուցահանդես: Ցուցասրահում ներկայացված է շուրջ 150 աշխատանք:

Մեկ շաբաթ մնալով Շիրակում՝ երեսուն տարբեր սերունդների ու ուղղությունների պատկանող նկարիչներ այցելել են մարզի ամենահեռավոր գյուղերն անգամ՝ փորձելով տեսնել ու պատկերել Շիրակն այնպիսին, ինչպիսին այն կա: ՀՀ վաստակավոր նկարիչ, ծագումով գյումրեցի Հրանտ Թադևոսյանը Շիրակում իր համար բացահայտել է նոր տեղանքներ, որոնք մինչ այդ չէր տեսել: «Հրաշք ջրվեժի» տեղը, սակայն, նկարիչը չբացահայտեց :«Վախենում եմ, որ մեծահարուստների ականջը կընկնի, կգնան, կսեփականաշնորհեն»,- ասաց նա:

«Հայկական ներկապնակ» նկարչական փառատոնի շրջանակում նկարիչներն արդեն այցելել են Հայաստանի մարզեր, Արցախ, սակայն այս անգամ նախաձեռնությունը տարբերվում էր նրանով, որ վարպետների կողքին աշխատել ու ցուցադրվել են ուսանողները: Չորս ուսանող Գյումրիից և երեքը`Երևանից, այսպիսով, յուրօրինակ վարպետոոթյան դաս էին ստացել: Գեղարվեստի ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի շրջանավարտ, փառատոնի մասնակից Արփինե Համբարյանը նշեց. «Գյումրին կարծես անտեսված ու մեռած քաղաք լինի և նմանատիպ նախաձեռնությունները կարևոր են նաև նրանով, որ աշխուժություն են մտցնում մեր կյանք»: Նրա դիտարկմամբ՝ նկարիչները կարողացել էին զգալ քաղաքի էներգետիկան ու արտացոլել այն իրենց նկարներում:

Փառատոնի շրջանակում մինչև տարեվերջ արվեստասերները հնարավորություն կունենան ներկա լինելու Հայաստանի բնաշխարհին նվիրված ևս երկու ցուցահանդեսի: Նկարիչներն արդեն նկարել են Լոռու և Ապարանի բնաշխարհը: